Արցախի պետական համալսարան

Հունիսի  4-ին Արցախի պետական համալսարանում կայացել է «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն, գրող Սամվել Մհերյանի «Եւ եղաւ լոյս» և «Այբ Քէ» գրքերի շնորհանդեսը: Հանդիպմանը  ներկա էին  համալսարանականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, զինվորականներ  և մամուլի ներկայացուցիչներ: Միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով:

Սամվել Մհերյանի գրչին են պատկանում «Եւ եղաւ լոյս» պատմավեպը, «Ճշմարիտ Լույսը» և «Անտառի գերին» բանաստեղծությունների ժողովածուն, «Այբ-Քէ» աղոթական բանաստեղծությունների ժողովածուն: Հեղինակը  ընթերցողներին հայտնի է իր «Մենավոր բազեն» պատմավեպով, որում ներկայացրել է Արևմտյան Հայաստանի Խնուս գավառում  տեղի ունեցած իրադարձությունների պատմական-գեղարվեստական նկարագրությունը` 19-րդ դարի սկզբից մինչև 1915 թվականի Մեծ Եղեռնը: Հեղինակը նաև պատմափաստագրական երկու ֆիլմերի  հեղինակ է:

Շնորհանդեսը ողջույնի խոսքով բացել է ԱրՊՀ գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը:

            «Սամվել Մհերյանը, լինելով մեծ հայրենասեր, «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն, իրականացնում է հայրենանվեր գործունեություն: Հիմնադրամը հայրենակցական կազմակերպություն է  և աշխարհին պատմում է  հայոց  ցեղասպանության մասին, իրականացնում  պատմական արդարություն և  ճշմարտացիություն տարածելու  գործառույթ»,- նշել է բ.գ.թ., դոցենտ  Զ. Սառաջյանը՝ հավելելով, որ հեղինակն իր ստեղծագործությունների առանցքում է պահել հայրենիքն ու  Աստծուն,  և  նրա աշխատանքներն  ազգային արժեքները քարոզելու նշանակությամբ են  առանձնահատուկ:

            Բ.գ.դ., պրոֆեսոր Ս. Խանյանը,  խոսելով հեղինակի աղոթական բանաստեղծությունների ժողովածուի մասին,  նշել է, որ հեղինակն  իր  առաջին քայլերը  սկսել է  Գ. Նարեկացուց՝ հավելելով. «Հայ ազգի  համար սրտացավ մի բանաստեղծ, ով հանուն իր ազգի փրկության դիմում է  Աստծուն՝ իր  վրա  վերցնելով մարդկային մեղքերը: Սամվել Մհերյանն իր «Այբ Քէ» աղոթական բանաստեղծությունների  շարքով ապացուցեց, որ որպես բանաստեղծ ունի հարուստ  բառապաշար, պատկերավոր  մտածողություն  և  միանգամայն տարբերվող  գեղարվեստական ոճ»:

«Եւ եղաւ լոյս» պատմավեպի  մասին խոսել է գրականության և ժուռնալիստիկայի  ամբիոնի վարիչ, բ.գ.թ  Ն. Դավթյանը՝ նշելով, որ պատմավեպի  ժանրային գլխավոր հատկանիշներից մեկը նրա՝ որևէ կանոնի չենթարկվելու ազատությունն է  և  ներժանրային բազմազանությունը՝ պատմական, կենսագրական, հոգեբանական,  սոցիալական տարրերով:

«Պատմավիպասան Ս. Մհերյանի  «Եւ եղաւ լոյս» վեպին, նրա կերպարակերտմանը, խոսքարվեստին, բառաբարդումներով հեղինակային նորաբանություններին, անշուշտ, կանդրադառնան և՛ լեզվաբանները, և՛ գրաքննադատները՝ տալով  արժանի գնահատական»,-իր խոսքում նշել է Ն.Դավթյանը:

Ասկերանի  Սբ. Աստվածածին եկեղեցու սպասավոր, շրջակա  գյուղերի հոգևոր հովիվ Տեր  Մեսրոպ քահանա  Խանոյանը  իր  հերթին շնորհավորել է հեղինակին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և բարի ընթացք:

«Բավականին բարդ  օրեր ենք ապրում, բայց ժամանակն ընթանում է, և, կարծես, ավելի արագ: Յուրաքանչյուրս, ինչքան էլ հուսալքված լինենք,  պարտավոր ենք  շարժվել այդ ժամանակին համընթաց՝ դրանով իսկ հաղթանակ տանելով  չարի և նրա փորձությունների դեմ»,- նշել է Տեր  Մեսրոպ քահանա  Խանոյանը:

Սամվել Մհերյանը  շնորհակալություն է հայտնել միջոցառման ներկաներին և նախաձեռնողներին կայացած հանդիպման, հնչեցրած բանախոսությունների  և ելույթների համար:«Ինձ  համար այսօրվա  միջոցառումն  առանձնացավ  իր յուրահատուկ հուզականությամբ: Առանձնահատուկ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ միջոցառումը կազմակերպվում է Արցախում: Այսօր բոլորս աղոթքի կարիք ունենք: Երախտագիտություն եմ հայտնում, որ այսօր Արցախի պետական համալսարանում հնչեց իմ «Այբ-Քէ» աղոթագրքից հատվածներ»,- նշել է հեղինակը՝ միջոցառումն ամփոփելով  ներկաների համար իր  անտիպ  բանաստեղծությունների ընթերցանությամբ:

 

Միջոցառման  ընթացքում ներկաները հեղինակին են հղել իրենց հետաքրքրող հարցերը, ուսանողների կողմից հնչել են նաև ասմունքներ  հեղինակի աղոթական բանաստեղծությունների շարքից:

Սամվել Մհերյանը միջոցառման բոլոր մասնակիցներին և համալսարանի  գրադարանին նվիրել է իր տպագրված գրքերից: