Արցախի պետական համալսարան

Հունիսի 4-ին հրավիրվել է բնագիտական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում ֆակուլտետի դեկան, ք.գ.թ., պրոֆեսորի պաշտոնակատար Վալոդյա Միրզոյանը ներկայացրել է 2019-2020 ուսումնական տարում ֆակուլտետի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, և տեղի է ունեցել ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրության  արարողություն:

Դեկան Վ. Միրզոյանը ներկայացրել է հաշվետու տարում ֆակուլտետի  կառուցվածքը   և նրա կառավարման համակարգը, կրթական գործունեության կազմակերպումը, ուսումնամեթոդական  գործունեությունը,  ուսանողների  կատարած գիտական  աշխատանքը,  դաստիարակչական  ու  կրթական  ժամանցը, համագործակցությունը և ինքնավերլուծությունը՝ ուժեղ  ու թույլ կողմերով:

«Բնագիտական ֆակուլտետի առաքելությունը մասնագիտական գիտելիքներով և հմտություններով մրցունակ, համամարդկային արժեքները ճանաչող, ազգայինը կարևորող, արեհեստավարժ, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնագերների պատրաստումն է: Բնագիտական ֆակուլտետի տեսլականը՝ բարձրացնել ստորաբաժանման գործունեության արդյունավետությունը, նպաստել ֆակուլտետի մրցունակության բարձրացմանը, ապահովել կրթական բարձրորակ մշակույթի ձևավորումը, մատուցող կրթական ծառայությունների համապատասխանությունը և համադրելիությունը միջազգային չափանիշների: Բնագիտական ֆակուլտետի շրջանավարտը պետք է լինի համակողմանի զարգացած, պետական մտածելակերպով օժտված քաղաքացի և հարգի պետական խորհրդանիշները»,-նշել է դեկանը՝ ներկայացնելով նաև տարվա ընթացքում իրականացված բազմաբնույթ այն միջոցառումները, որոնք միտված են եղել կրթադաստիարակչական, գիտահետազոտական, ուսումնական գործընթացի բարելավմանը, միջբուհական, բուհ-դպրոց կապերի ամրապնդմանը, հասարակությանը կրթագիտական արժեքներ փոխանցելուն և այլ առանցքային ոլորտների:

Դեկանը ներկայացրել է նաև ֆակուլտետի թույլ և ուժեղ կողմերը, թույլ կողմերի բարելավման տեսլականը և նախանշել անելիքները: Թույլ կողմերի հաղթահարման համար նա ընդգծել է թեստերի որակի բարելավումը,  նյութատեխնիկական բազայի համալրումը, լաբորատորիաների ստեղծումն ու հզորացումը, հեռակա բաժնի  հետ տարվող աշխատանքների ուժեղացումը, մատուցվող նյութի որակի շարունակական բարելավումը:

Հաշվետվության շուրջ ելույթներ են ունեցել ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը, ֆակուլտետի ամբիոնների դասախոսներ Կարեն Արամյանը, Ռուբինա Թովմասյանը, Գայանե Պետրոսյանը, Մայա Ծատրյանը, ովքեր բարձր են գնահատել 2019-2020 ուստարում ֆակուլտետի կատարած աշխատանքը: Հաշվետվությունը գնահատվել է  բավարար:

Ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆակուլտետի համակազմին ու դեկան Վ. Միրզոյանին՝ իրականացրած աշխատանքի համար և  ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրել ֆակուլտետի աշխատանքներում ակտիվություն ցուցաբերած, համալսարանի զարգացման գործում ավանդ ունեցած  դասախոսների և աշխատակիցների: