Արցախի պետական համալսարան

Հունիսի 9-ին գումարվել է ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր, և տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը նիստի օրակարգային հարցերով ներկայացրել է 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի 2-րդ ընթացիկ ստուգման արդյունքների և ուսումնական պլաններում կատարված փոփոխությունների մասին տեղեկատվություն:

Վերլուծելով ստուգումների ընդհանուր արդյունքներն ու առաջադիմության ցուցանիշները՝ դեկանը ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարականներ է տվել՝ մասնավորապես նշելով քննական թեստերի վերանայման անհրաժեշտությունը:

Խոսելով ուսումնական պլաններում առաջարկվող փոփոխությունների մասին՝ դեկանը նշել է, որ ֆակուլտետում ուսումնական պլանները պարբերաբար փոփոխվում են՝ համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին:

«Ուսուցման գործընթացում մենք խնդիր ունենք տեսական նյութը կապելու տվյալ մասնագիտության գործնական կարողությունների հետ, զարգացնելու գործնական հատկանիշները»,-ընդգծել է դեկանը՝ շեշտելով մասնագիտական կրթական ծրագրերը ձևավորելու ընթացքում գործնական կարողությունների զարգացմանն  առանցքային տեղ հատկացնելն  ու ըստ այդմ՝ հստակեցնել տվյալ ՄԿԾ վերջնարդյունքները:

 

Նիստն ամփոփվել է հաճելի արարողությամբ. ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքների համար և առկա խնդիրների լուծման  շուրջ հանձնարարականներ տալով համապատասխան ստորաբաժանումներին, ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրել է համալսարանի զարգացման  գործում ավանդ ունեցած դասախոսների և աշխատակիցների:

Շնորհակալություն հայտնելով պարգևատրման համար՝ ԱրՊՀ պրոֆեսոր, հ.գ.թ. Արզիկ Մխիթարյանը նշել է, որ պարգևը խորհրդանշական է նրանով, որ վկայում է բուհի կեսդարյա պատմությունը:

«Մենք պատրաստակամ ենք մեր ներուժը ծառայեցնելու մեր հայրենիքին, մայր բուհին: Հայրենիքի պաշտպանության բնագծերը անցնում են նաև համալսարանով»,-նշել է Ա. Մխիթարյանը՝ ընդգծելով բուհի  ներուժը հաղթանակներ արձանագրելու գործում: