Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ում շարունակվում են դիպլոմների հանձնման արարողությունները: 2020-2021 ուստարում ԱրՊՀ-ն թողարկում է 659 շրջանավարտ, որից 500-ը՝ բակալավրիատի, 159-ը՝ մագիստրատուրայի: Բակալավրիատը գերազանցությամբ ավարտում է 78 շրջանավարտ, մագիստրատուրան՝ 56 շրջանավարտ: Հունիսի 17-ին տեղի է ունեցել բանասիրական  ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, դեկան Լուսինե  Մարգարյանը, ամբիոնների վարիչներ, շրջանավարտներ: 2020-2021 ուստարում ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետը թողարկում է  բակալավրիատի  և մագիստրատուրայի 165 շրջանավարտ, որից 130-ը բակալավրիատի և 35-ը  մագիստրատուրայի  կրթական  աստիճաններով: Բակալավրիատի կրթական աստիճաններով  հինգ  մասնագիտությունների  գծով  առկա  և  հեռակա  ուսուցման համակարգում գերազանցությամբ  ավարտել  է  22  շրջանավարտ, իսկ  մագիստրատուրայի  կրթական աստիճանով ՝ 12  շրջանավարտ:

ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը շնորհավորել  է  բոլոր  շրջանավարտներին, դասախոսական  կազմին և ֆակուլտետի  ղեկավարությանը՝ բարի  երթ  և հաջողություններ մաղթելով հետագա մասնագիտական գործունեության ոլորտում և անձնական կայքում:

            «Մայր  բուհը  հպարտ  է, որ  ունի  նման  շրջանավարտներ  և  ակնկալիքներ շատ  ունի  ձեզնից: Լավ  անձնավորություն  և  լավ  մասնագետներ  եղեք,  և  հաջողությունները  Ձեզ  ուղեկից  կլինեն»,-  նշել է  Վ. Յարամիշյանը՝ հավելելով, որ  մայր  բուհը  սպասում է նաև  հետադարձ  կապի սկզբունքի  պահպանմանը:

            Բանասիրական ֆակուլտետի  դեկան, բ.գ.թ., դոցենտ  Լ.  Մարգարյանը, շնորհավորելով  շրջանավարտներին, ընդգծել է, որ  այսօր  բոլորին  վստահված  է մի  կարևոր  առաքելություն՝ վերադարձնել  այն  իրականությունը, ինչ  ունեցել են  բուհն   ընդունվելու  տարիներին:

            «Ուսումնական տարին բարդ էր բոլոր առումներով, բայց շնորհիվ մեր և  ուսանողության  կամքի, ինքնակազմակերպվածության  համառ  ջանքերի, մենք  կարողացանք ավարտել այն հնարավորինս  լիարժեք՝ օգտագործելով  բոլոր  հնարավորությունները»,-  նշել  է  Լ. Մարգարյանը՝ հավելելով, որ  այսօրվա  շրջանավարտներին հայրենանվեր  աշխատանք  է  վերապահված՝ ունեցած  գիտելիքները  որպես  զենք  օգտագործելու, Արցախը  շենացնելու և Արցախում  արարելու  համար:

            «Հայոց  լեզու  և  գրականություն» մասնագիտության  բակալավրիատի  շրջանավարտ  Ինեսսա  Առուստամյանը, ով  2019-2021 թվականներին  ղեկավարել  է  ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, շնորհավորել  է բոլոր  շրջանավարտներին  և շնորհակալություն  հայտնել բուհի դասախոսական կազմին՝ ուսումնառության տարիներին  անհրաժեշտ  գիտելիքներով  և  հմտություններով  զինելու  համար:

            «Այս  չորս տարիները, որ անցան ակնթարթի պես, տվեցին ինձ ավելին, քան ես  սպասում էի՝ ուսանողական անմոռանալի օրեր, մասնագիտական աճ բոլոր առումներով, լավագույն ընկերներ, օրինակելի  դասախոսներ։ Վստահ  եմ, որ  բոլոր  շրջանավարտները  մայր  բուհից  ստացած  իրենց գիտելիքները կօգտագործեն արժանվույն կերպով՝ դրանք ծառայեցնելով  ի  նպաստ  մեր  հայրենիքի կայուն  և  անվտանգ  ապագայի  կերտմանը»,- իր  խոսքում  նշել  է  Ի.Առուստամյանը: