Արցախի պետական համալսարան

2020-2021 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հերթական արարողությունը տնտեսագիտության ֆակուլտետում էր, որին ներկա էին ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը, դեկան  Ռուզաննա Մանգասարյանը, ամբիոնների վարիչներ և շրջանավարտներ:

Արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով  Արցախյան 44-օրյա  պատերազմում անմահացած ուսանողների հիշատակին:

2020-2021 ուստարում ԱրՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը թողարկում է  բակալավրիատի  և մագիստրատուրայի 116 շրջանավարտ, որից 87-ը բակալավրիատի և 29-ը  մագիստրատուրայի  կրթական  աստիճաններով: Բակալավրիատի կրթական աստիճանով  գերազանցությամբ  ավարտել  է  20  շրջանավարտ, իսկ  մագիստրատուրայի  կրթական աստիճանով ՝ 14  շրջանավարտ:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը, շնորհավորելով  բոլոր շրջանավարտներին, նշել է, որ այսօր ուսանողները ստանում են մի  փաստաթուղթ, որը վկայում է նրանց բարձր որակի մասնագետներ լինելու փաստը:

«Կյանքի մի նոր փուլ եք մուտք գործում, որտեղ խոչընդոտների և բարդությունների կհանդիպեք: Պետք է պատրաստ լինեք Ձեր ունեցած գիտելիքներով և կարողություններով այդ ամենը հաղթահարելուն և առաջ շարժվելուն»,- նշել է Գ. Սահակյանը՝ մաղթելով, որ բոլոր շրջանավարտները կյանքում իրենց ճիշտ տեղը գտնեն և կատարեն իրենց վերապահված առաքելությունը:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը շնորհակալություն է հայտնել ֆակուլտետի համակազմին՝ պատերազմի հետևանքով կրթական ոլորտում առաջացած մարտահրավերները միասնական համախմբվածությամբ հաղթահարելու  համար:

«Ցանկանում եմ, որ այսօրվա վկայականները Ձեզ համար լինեն  ոչ թե զուտ փաստաթղթեր, այլ բարեկեցության գրավական, հպարտության և ինքնահաստատման փաստաթուղթ: Մաղթում եմ, որ այն ձեռքբերումները, որոնք ունեցել եք այս ուսումնական տարիների  ընթացքում, ծառայեցնեք միայն ու միայն Արցախ աշխարհում»,- նշել է Ռ.Մանգասարյանը:

«Ձեր ուսումնառության վերջին տարին լի էր պարտադրված դժվարություններով, կորուստներով  և  ցավով: Ուզում եմ շնորհավորել բոլորիդ  այդ  ամենը պատվով հաղթահարելու համար և բարի երթ մաղթել բոլորիդ»,- նշել է ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը:

Շրջանավարտներին ուսումնական գործընթացն ավարտելու և համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելու կապակցությամբ շնորհավորել է նաև տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Ասրյանը՝ նշելով. «Այս ժամանակահատվածում Ձեր դասախոսները Ձեզ հետ անցել են ոչ միայն գիտության, այլ նաև ընկերության, ազնվության, նվիրվածության և կյանքի իսկական ուղի: Եվ կարելի է ասել, որ այդ բոլորի արդյունքը նաև այսօրվա գեղեցիկ արարողությունն է»:

«Ֆինանսներ ըստ ոլորտի» մասնագիտության  բակալավրիատի ծրագիրը գերազանցությամբ ավարտած ուսանողուհի Ասպրամ Մայիլյանը շնորհակալություն է հայտնել համալսարանի  ղեկավարությանն ու դասախոսական կազմին:

«Այս տարիների ընթացքում ես ստացել եմ ոչ միայն մասնագիտական-տեսական, այլ նաև գործնականում կիրառելի գիտելիքներ: Շնորհակալ եմ ինձ  դասավանդած բոլոր դասախոսներին՝ գիտելիքներ, կյանքի դասեր և կյանքում ճիշտ կողմնորոշվելու ունակություններ տալու համար: Ուրախ եմ, որ ավարտել եմ հենց Արցախի պետական համալսարանը»,- նշել է Ա. Մայիլյանը՝ հավելելով, որ համալսարանից  ստացած իր գիտելիքները ապագայում նախատեսում է կիրառել հենց Արցախում: