Արցախի պետական համալսարան

Հունիսի 18-ին տեղի է ունեցել մանկավարժության և սպորտի ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, դեկան Շահեն Այդինյանը, ամբիոնների վարիչներ, շրջանավարտներ: 2020-2021 ուստարում ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետը թողարկում է  բակալավրիատի  և մագիստրատուրայի 117 շրջանավարտ, որից 98-ը բակալավրիատի և 19-ը  մագիստրատուրայի  կրթական  աստիճաններով: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական աստիճաններով առկա և հեռակա  ուսուցման համակարգում բուհը գերազանցությամբ ավարտել է 8 շրջանավարտ:

Բուհն ավարտելու կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորել է պրոռեկտոր Վ. Յարամիշյանը:

«Մեր շրջանավարտներն ունեն բոլոր նախադրյալները, կարողություններն ու հմտությունները երկրի զարգացմանը նպաստելու համար: Դուք կրթելու և դաստիարակելու եք սերունդ, իսկ դրանից ավելի վեր և պատվաբեր առաքելություն երևի դժվար է գտնել»,-դիմելով ուսանողությանը՝ ասել է նա:

            Ֆակուլտետի դեկան, ավագ դասախոս Շ. Այդինյանը իր հերթին շնորհավորել է բոլոր շրջանավարտներին՝ նշելով, որ համալսարանը հպարտանում է նման սերունդ ունենալու և այդ սերնդին բարձրագույն կրթություն տալու գործում իր ներդրումն ունենալու համար:

            «Բոլորիս համար այսօր հիշարժան օր է, քանի որ հետպատերազմյան առաջին շրջանավարտների  խումբն եք: Ուսումնական տարին պատերազմական էր, բայց այդ ամենով հանդերձ մենք  միասին կարողացանք հասնել եզրագծին»,- նշել է ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը՝ մայր բուհի բոլոր շրջանավարտներին մաղթելով մասնագիտական հաջողություններ և ձեքբերումներ:

«Հույսով և հավատով  լեցուն ենք, որ վաղը ձեզ կտեսնենք նաև մեր դասախոսական շարքերում: Կոչ եմ անում բոլորիդ որպես Արցախի պետական համալսարանի շրջանավարտներ միշտ  բարձր պահել մայր բուհի և մեր ֆակուլտետի պատիվը»,- նշել է մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Է. Բաղդասարյանը:

Ֆիզդաստիարակության և ՆԶՊ ամբիոնի վարիչ, մ.գ.թ. Սուսաննա Հայրապետյանը, շնորհավորելով շրջանավարտներին, ընդգծել է, որ ամբիոնը մշտապես պատրաստակամ է աջակցելու և ուղղորդելու նրանց: Դիմելով շրջանավարտներին՝ նա ասել է. «Ձեր գործունեությամբ միշտ բարձր պահեք մեր զոհված տղաների պատիվը, հաջողություններ  եմ մաղթում բոլորիդ, հատկապես այն շրջանավարտներին, ովքեր ընդգրկված են ուժային կառույցներում, որովհետև ձեզ վերապահված է կարևոր առաքելություն՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործը»:

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի մագիստրատուրան գերազանցությամբ է ավարտել Անժելա Ղայամյանը: Նա շնորհակալական խոսք է հայտնել ֆակուլտետի անձնակազմին և համալսարանին՝ նշելով. «Այս վեց տարիների ընթացքում մենք ստացանք մեզ անհրաժեշտ բոլոր գիտելիքները և այսօրվանից  կսկսենք դրանք կիրառել գործնականում: Հուսով  ենք, որ Ձեր  հովանավորության և աջակցության շնորհիվ կհասնենք ավելի մեծ հաջողությունների»,- իր խոսքում նշել է Ա. Ղայամյանը:

Շրջանավարտներն իրենց ավարտական վկայականները ստացել են պրոռեկտորի, դեկանի և ամբիոնների վարիչների ձեռքից: