Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավագիտական ֆակուլտետի ուսանողներն արդեն քանի տարի՝ մասնակցում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող տարաբնույթ մրցույթներին և ամեն անգամ նվաճում մրցանակներ։ 2012թ. դեկտեմբերին հայտարարված մրցույթը (լավագույն վերլուծական-հետազոտական աշխատանք) Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ նշանակելու համար էր։

Մասնակցել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի գերազանց առաջադիմությամբ ուսանողները։
Արցախի պետական համալսարանից մրցույթին մասնակցել է տնտեսաիրավագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արտակ Առստամյանը, ով հաղթող է ճանաչվել՝ արժանանալով Իսահակ Իսահակյանի անվան 6-ամսյա կրթաթոշակին (յուրաքանչյուր ամիս՝ 50.000 դրամ)։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից նրան տրված հավաստագրում առանձնահատուկ ընդգծված է՝ <<...բարձր առաջադիմության և ուշագրավ գիտական հետազոտության համար>>:
<<Կապիտալի զարգացող շուկաների վրա երկրի ռիսկի գնահատման գծային մոդելը>>.այսպես է կոչվում Արտակ Առստամյանի ընտրած թեման, որը վերաբերում էր արժեթղթերին ու պարտատոմսերին։ Ինչո՞ւ  է հատկապես այդ թեման ընտրել։ Արտակը նշեց, որ հաշվի է առել խնդրի հրատապությունը։ <<Մասնավոր կորպորատիվ արժեթղթերի շուկայում վերջերս որոշակի ակտիվություն է նկատվում, որը կարող է նպաստել շուկայի ձևավորմանը։ ՀՀ-ում և  ԼՂՀ-ում նկատվում են բաժնետոմսերի զարգացման միտումներ, և դրանց խոչընդոտող գործոնների ուսումնասիրությունները հրատապ են։ Իսկ թեման արդիական է, քանի որ առանց այդ հարցերի քննարկման հնարավոր չէ ապահովել շուկայի ձևավորումն ու զարգացումը>>,- ասաց Արտակը։ Նրա համոզմամբ, իր կատարած հետազոտությունը կնպաստի ԼՂՀ  տնտեսության զարգացմանը` հաշվի առնելով, որ գոյություն ունի <<Արցախ ՀԷԿ>> ԲԲԸ, և որ պետությունը կապահովի պարտատոմսերի իրացումը։ Թեմայի հետազոտությամբ նա զբաղվել է շուրջ երկու ամիս։ Ընդհանուր առմամբ՝ եռօրյա մրցույթին մասնակցել են 35 ուսանողներ։
Բակալավրիատն ավարտելուց Արտակ Առստամյանը կշարունակի ուսումը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում։ Իսկ այսօր արդեն ՀՀ կենտրոնական բանկի կողմից նա հրավեր է ստացել աշխատելու իրենց  մոտ։ Կգնա թե ոչ՝ դեռ չգիտի։ Նա դեռ պետք է շարունակի նույն թեմայի հետազոտությունը և վեց ամսից հետո մասնակցի  կայանալիք  հերթական մրցույթին։ Այս անգամ կմասնակցի հինգ հոգի, որոնցից լավագույններին Կենտրոնական բանկը կտրամադրի աշխատանք։
ԱրՊՀ տնտեսաիրավագիտական ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Կարեն Ներսիսյանի հավաստմամբ՝ նման թեմայով հետազոտություն միայն Ռուսաստանի շուկայում է արվել։ Բարձր գնահատելով իր իսկ ուսանողի գիտելիքներն ու ընդունակությունները՝ նա ասաց, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված նախորդ մրցույթների համեմատ՝ այս անգամ պահանջներն ավելի խիստ էին, և պետք է առավելապես ուշադրություն դարձվեր գիտական-հետազոտական ասպեկտին։ <<Ուրախությամբ կարող եմ փաստել, որ Արտակը կարողացել է խորանալ արդիական հնչողություն ունեցող թեմայի մեջ, մասնավորապես՝ կապիտալի շուկայի, և կատարել պրակտիկ լուրջ հետազոտություն։ Դա վերաբերում է արժեթղթերի շուկային, այն ապագային միտված թեմա է՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում <<Արցախ ՀԷԿ>>-ի վերջին երեք տարվա գործունեությունը։ Ա. Առստամյանն իր հետազոտությամբ եկել է այն եզրակացության, որ Հայաստանի ֆոնդային բորսայում այսօր չի հաշվարկվում ֆոնդային ինդեքսը, որի առկայության պարագայում ավելի ճիշտ կտրվի փոխկապակցվածության, գծային կապի մոդելը, և առաջարկել է հաշվի առնել այն>>,- ասաց Կարեն Ներսիսյանը։
Կ. Ներսիսյանի հավաստմամբ՝ խելացի ուսանողներ ֆակուլտետում շատ կան, հատկապես <<ֆինանսներ>> մասնագիտությունից։ Նրանք ինքնուրույն հետազոտական աշխատանքներ են կատարում, քանզի դա են պահանջում ոլորտի վերջին զարգացումները։ <<Նման ուսանողների հետ մենք նաև անհատական աշխատանքներ ենք տանում>>,- իր խոսքը եզրափակեց Կարեն Ներսիսյանը։
Հաջողություններ մաղթենք Արտակին ուսման մեջ և հետագա մրցույթներում։