Արցախի պետական համալսարան

2020-2021 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հերթական արարողությունը պատմության և իրավագիտության ֆակուլտետում էր, որին ներկա էին ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վ. Ավանեսյանը, ֆակուլտետի դեկան Արմինե Խաչատրյանը, ամբիոնների վարիչներ և շրջանավարտներ:

2020-2021 ուստարում ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետը թողարկել է  բակալավրիատի  և մագիստրատուրայի 101 շրջանավարտ, որից 71-ը՝ բակալավրիատի, 30-ը՝  մագիստրատուրայի  կրթական  աստիճաններով: Բակալավրիատի կրթական աստիճանով գերազանցությամբ ավարտել են 13    շրջանավարտ, իսկ մագիստրատուրայի կրթական աստիճանով՝ 10  շրջանավարտ:

            ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վ. Ավանեսյանը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին՝ նշելով.     «Ուսումնառության տարիները ձեր կյանքի ոսկե էջերից են: Այդ տարիների ընթացքում դուք ստացել եք ձեզ անհրաժեշտ գիտելիքները, և ես ուզում եմ, որ դրանք օգտագործեք միայն խաղաղության պայմաններում՝ միշտ պատվով կրելով մայր բուհի շրջանավարտի կոչումը»,- նշել է Վ.Ավանեսյանը:

            Ֆակուլտետի դեկան Արմինե Խաչատրյանը, շնորհավորելով համալսարանի շրջանավարտներին, կոչ է արել բոլորին  իրենց կյանքի և հետագա գործունեության ամբողջ ընթացքում հիշել և բարձր պահել հանուն հայրենիքի իրենց կյանքը նահատակած հերոսների  անունն ու պատիվը:

«Բոլոր  շրջանավարտներին մաղթում եմ, որ այսօրվա ստացած վկայագրերը կարողանան ծառայեցնել մեր հայրենիքի շենացմանը և ի զորու լինեն այս անդառնալի կորուստների շրջանում մեր պետականության հետագա զարգացման ընթացքը ապահովել»,- նշել է ֆակուլտետի դեկան Ա.Առուստամյանը՝ հավելելով, որ իրավաբան, պատմաբան կամ արվեստագետ լինելով հանդերձ միշտ գործեն իրենց հավատքին և խղճին համապատասխան:

            Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը, շնորհավորելով և դիմելով շրջանավարտներին, նշել է. «Այն առավելություններն ու ձեռքբերումները, որոնք ստացել եք ուսումնառության տարիներին, թող նպատակաուղղված լինեն և դուք Ձեր ունեցած գիտելիքները կարողանաք  օգտագործել ճիշտ և նպատակային»:

            Իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտի պաշտոնակատար Գրետա Արզումանյանը,  կարևորելով իրավաբանի մասնագիտությունը, նշել է, որ այն  մեր պետական ու  հասարակական կյանքի բոլոր բնագավառներում անհրաժեշտ և պահանջված մասնագիտություններից մեկն է:

            «Այսօր դուք ստանում եք տարիներ ի վեր ձեր կատարած աշխատանքի ու վաստակի վկայականը: Հույս  ունենք, որ ձեր ստացած գիտելիքները դուք կկիրառեք ձեր մասնագիտական կյանքում և կգնահատեք մեր տարիների ներդրած  աշխատանքը»,- նշել է Գ. Արզումանյանը:

«Հայ ժողովրդի պատմություն» կրթական ծրագրի մագիստրատուրան գերազանցությամբ ավարտած Մարինե Հովագիմյանը շնորհակալություն է հայտնել համալսարանի դասախոսական կազմին՝ անմնացորդ նվիրումի և տքնաջան աշխատանքի համար:

«Գիտելիքը հզոր զենք է, և ես համոզված եմ, որ մեր ստացած գիտելիքները կկարողանանք ծառայեցնել ի շահ Արցախ աշխարհի»,- նշել է Մ. Հովագիմյանը:

Շրջանավարտներն իրենց ավարտական վկայականները ստացել են պրոռեկտորի, դեկանի և ամբիոնների վարիչների ձեռքից: