Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի Հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 25-ին կազմակերպվել է հոգեբանական աշխատաժողով` քննարկելու մասնագիտական համայնքի անելիքները` Արցախում առկա իրավիճակի համատեքստում: Աշխատաժողովին մասնակցել են ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ՀՀ-ում և Արցախում ճանաչում ունեցող գիտնական-հոգեբաններ:
Քննարկելուց և հավանության արժանացնելուց հետո աշխատաժողովը կընդունի կոնկրետ երաշխավորություններ` ազգաբնակչության մոտ առկա հոգեբանական բնույթի խնդիրները հաղթահարելու միտումով:

Հոգեբանական աշխատաժողովը մեկնարկել է հարգանքի տուրքով՝ ի հիշատակ  Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների:

            Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին և կարևորել նման ձևաչափով միջոցառման կազմակերպումը:

            «Սույն աշխատաժողովը, համոզված եմ, որ ավելին է, քան սոսկ աշխատաժողով: Պետք է նշեմ նաև, որ ԱրՊՀ-ում հոգեբանական կրթական ծրագիրը տարեցտարի զարգանում և հաջողություններ է ունենում, բնականաբար այս օրերին կլինեն քննարկումներ նաև «Հոգեբանություն» կրթական ծրագրի զարգացման շուրջ»,- նշել է ռեկտոր Ա.Սարգսյանը՝ կարևորելով աշխատաժողովի և հոգեբան-մասնագետների դերը բնակչության շրջանում պատերազմի հետևանքով  առաջացած հոգեբանական խնդիրների հաղթահարման տեսանկյունից:

            Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է ԱՀ պետնախարար Ա. Բեգլարյանը՝ նշելով, որ աշխատաժողովի թեմայի քննարկման կարիքը, հատկապես պատերազմից հետո, ընդգծված է և  շատ պահանջված:

            «Պատերազմից առաջ էլ հոգեբանների աշխատանքը համակարգելու, բարելավվելու, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու կարիք, միանշանակ, կար: Եթե մենք արագ չհաղթահարենք հետպատերազմյան սոցիալ-հոգեբանական խնդիրները, ապա շատ ավելի դանդաղ կզարգանանք»,- իր խոսքում նշել  է Ա. Բեգլարյանը՝ հավելելով, որ կարևորում է երկու ինստիտուտների՝ սոցիալական աշխատողի և հոգեբանի կայացումն ու սերտ համագործակցությունը, որը ՀՀ-ում ձևավորված մասնագիտական համայնքի աջակցությամբ Արցախում  կարող է ապահովել արդյունավետություն:

            ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանը, խոսելով պատերազմի հետևանքով Արցախի կրթամշակութային համակարգի կրած կորուստների մասին, նշել է, որ կրթության ոլորտը Արցախում ինքնակազմակերպվել է և չի ձախողվել: «Վերականգնվում ենք, շատ ծանր էտապներով ենք անցնում, բայց կարող ենք ասել, որ երկիրը ստեղծված ճգնաժամից հանելու գործում մեծ է նաև մտավորականների ու կրթամշակութային կյանքի դերը»,- նշել է նախարար Լ.Ղարախանյանը՝ հավելելով, որ բոլորս պետք է նպատակներ ունենանք, կոնկրետ քայլեր և տեսլական, որպեսզի տեր կանգնենք այն ամենին, ինչը մեզ է պատկանում:

            Արցախի պետական համալսարանի անցած ուղու և առկա մարտահրավերների մասին խոսել է ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը՝ նշելով, որ համալսարանն իր կայացման ճանապարհին հաղթահարել է դժվարագույն մարտահրավերներ և ունեցել մի շարք ձեռքբերումներ:

            «Այսօրվա աշխատաժողովի նպատակն է հետպատերազմյան ստեղծված իրավիճակից  և առկա խնդիրներից ելքեր և ուղիներ որոնելն ու գտնելը»,- նշել է Վ.Յարամիշյանը:

            ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, կարևորելով հոգեբանության դերը, նշել է, որ պետք է սովորենք պատմությունից դասեր քաղել և մեր միասնականությամբ հաղթահարենք ազգային ու պետական հիմնախնդիրները:

«Ես վստահ եմ, որ Արցախը, անշուշտ, ոտքի կկանգնի և համախմբվածության արդյունքում մեր կորցրածը անպայման հետ կվերադարձնենք՝ չմոռանալով և հաշվի առնելով մեր անցած ուղին և մեր պատմությունը»,-նշել է Է.Մինասյանը՝ հավելելով, որ ամենամեծ դասը բոլորիս համար պետք է լինի պետականության ամրապնդման դասը:

ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը աշխատաժողովին ներկայացրել է «Հոգեկան առողջության պահպանման համակարգի ներդրումը Արցախում» հայեցակարգը՝ խոսելով նաև սոցիալական աշխատողի ներդրման ծրագրի մասին: Նրա  խոսքով հայեցակարգը քննարկվել է ԱՀ կառավարությունում և արժանացել է հավանության. այժմ ծրագիրն իրականացնելու համար ասոցիացիան դոնորներ է փնտրում:

«Հեռանկարում ունենք բոլոր մասնագետներին վերապատրաստելու ծրագիր՝ տալով նրանց առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելու հմտություններ՝ մարդկանց դիմակայունությունը բարձրացնելու համար»,- նշել  է Մ. Անտոնյանը:

Ելույթներով հանդես են եկել նաև Ալեքսան Բաղդասարյանը (ԵՊՀ), Հրանտ Ավանեսյանը (ԵՊՀ), Անահիտ Սահակյանը (ԵՊՀ), Արզիկ Մխիթարյանը (ԱրՊՀ),Վարդան Թադևոսյանը (Ք.Քոքսի անվ. վերականգնողական կենտրոն), Մարինե Միքայելյանը (Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ),Աննա Խաչատրյանը (Խ.Աբովյանի անվ ՀՊՄՀ), Նաիրա Հարությունյանը (Խ.Աբովյանի անվ ՀՊՄՀ), Անահիտ Լալայանը («Էմպաթիա» հոգ. կենտրոն), Մարիամ Գասպարյանը (ԱրՊՀ ասպիրանտ), հոգեբաններ ԳԹԿ-ից և ՊԲ-ից:

Աշխատաժողովի ընթացքում կայացել է նաև կլոր-սեղան քննարկում, որից հետո նախատեսվում է աշխատաժողովի արդյունքների ամփոփում և հայտարարության տեքստի հրապարակում: