Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարան է այցելել «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի շենքի բացման առիթով Արցախի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Մարտիգ քաղաքի «Ֆրանս-հայկական ասոցիացիայի» պատվիրակությունը՝ նախագահ Գրեգորի Մանասյանի գլխավորությամբ, և հանդիպում ունեցել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ: Այցը բարեգործական ծրագրի շրջանակում էր, որի ընթացքում պատվիրակությունը ԱրՊՀ-ին է նվիրել տեսապրոյեկտոր և այլ սարքավորումներ: Այցի նպատակն էր նաև ծանոթանալ բուհում առկա խնդիրներին և հնարավոր քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:

Ողջունելով հյուրերին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ բարձր գնահատելով «Ֆրանս-հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչների պատրաստակամությունը՝ ԱրՊՀ-ին աջակցելու տեսանկյունից:

«Ֆրանս-հայկական ասոցիացիայի» նախագահ Գրեգորի Մանասյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ԱրՊՀ-ի հետ և աջակցելու բուհին հնարավոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության որակի շարունակական բարելավմանն ուղղված հարցեր և նախանշվել հետագա համագործակցության ուղիներ: