Արցախի պետական համալսարան

ԵՊՄՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ Մարինե Միքայելյանի և ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի համատեղությամբ մեկնարկել է ծրագիր, որի նպատակն է հոգեբանական հետազոտություն-ուսումնասիրություն  կատարել 6-ից 15 տարեկան այն երեխաների շրջանում, ովքեր այս կամ այն չափով տուժել են պատերազմից, և նպաստել առկա հոգեբանական խնդիրների լուծման ուղղությամբ ուղիներ գտնելուն: Ծրագրի բաղկացուցիչ բաղադրիչներից է մանկական հոգեբան-մասնագետի կողմից  մշակված «Արի զբոսնենք» խորագրով տետրը, որը Արցախում ադապտացվում է ԱրՊՀ «Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների,  մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասպիրանտ և դասախոս Մարիամ Գասպարյանի միջնորդությամբ: Այդ աշխատանքներում ընդգրկվել են նաև Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի սաները:

«Այս տետրը չունի ախտորոշման նպատակ, բայց կարող է երեխայի հետ հաղորդակցման գործիք ծառայել: Մարինե Միքայելյանի հետ մենք նպատակ ունենք համեմատական վերլուծություն կատարել, որն էլ կներկայացվի գիտական հետազոտություն-հոդվածի տեսքով»,- նշել է Մարիամ Գասպարյանը՝ պարզաբանելով, որ պատերազմից ազդվել նշանակում է նաև ընկնել երկարատև հետպատերազմյան սթրեսի մեջ, որի առաջացման պատճառները  բազմաթիվ են. այն կարող է կապված լինել  ընտանիքի անդամների վարքագծի փոփոխություններին ականատես լինելու, լուրերի, մեծերի խոսակցությունների և նրանց արձագանքների հետ: