Արցախի պետական համալսարան

Խաղողի այգում խաղողի  վազերը  ամեն տարի մեծ  ոգևորությամբ էին  սպասում  իրենց կարծես թե  մշտական հաճախորդ դարձած սիրահար զույգին, ովքեր նստում էին խաղողի վազերի կողքին և միմյանց ժամերով սեր խոստովանում։ Ու գիտե՞ք՝  պատահական չէր ընտրված նրանց  հանդիպման վայրը, չէ՞  որ նրանց սիրահար սրտերը հենց այդ այգում՝ խաղողաքաղի  ժամանակ էին խաղողի ողկույզի ընդամենը մեկ հատիկով ճաշակել սիրո վեհ զգացումը։ Հենց այդ նույն խաղողի այգում էր, որ տղան  ամեն օր աղջկա համար երգում էր «Քեզ պես անուշիկ սիրած յար ունե՜մ, Մարտակերտի սիրուն աղջիկ,  էլ ինչ դարդ ունեմ...»։ Այդ  երգից  էր, որ  ամեն անգամ աղջիկը  ամաչելուց շիկնում էր, այդ երգից էր, որ ամեն տարի խաղողի ողկույզները  դառնում էին  ավելի հյութեղ և քաղցր և հենց այդ երգն էլ դարձավ հյութեղ ողկույզներից ծնվող «խաղողի երգը»։ Եվ այդպես ամեն օր փոքրիկ «տոնախմբություն» էր սիրող սրտերի և խաղողի ողկույզների միջև։

Մի օր  էլ սովորականի համաձայն տղան երգում էր աղջկա  համար նույն երգը՝ «Քեզ  պես անուշիկ սիրած յար ունե՜մ …», բայց այս անգամ երգը մնաց անավարտ, ռումբերի պայթյունի ձայները ընդհատեցին աղջկա և միաժամանակ գինու  երգը։ Տագնապ պատեց սիրող  սրտերին, նրանք հասկացել էին, որ իրենց «տոնախմբությանն» է այցելել պատերազմ անունով սև անկոչ հյուրը։

Զույգը հեռացավ, այգին տխուր էր։ Խաղողի ողկույզները այս անգամ տղայի երգի և մեղմ քամու  ուղեկցությամբ չէին օրորվում, այլ արկերի ուժեղ հարվածից անհամաչափ  գետնին էին գլորվում։

Պատերազմը  խաթարեց ամեն ինչ, խաղողի ողկույզները այդպես  էլ գինի չդարձան, սիրող սրտերը այդպես  էլ այր ու  կին չդարձան, ինչքան սիրող սրտեր  իրարից հավե՜րժ հեռացան։

Պատերազմն ավարտվեց, այգին էլ հանդարտվեց։ Օրերը անցան, այգի այցելեց միայն աղջիկը։ Չկար  էլ երգող, սեր խոստովանող։ Լռությունը մի պահ համակվեց ծանոթ նվագով՝ «Քեզ  պես  անուշիկ սիրած յար ունե՜մ …», ու կրկին երգը մնաց անավարտ, երգն այս  անգամ ընդատվեց աղջկա կարոտակեզ լացով։ Պատերազմը աղջկան կիսատ էր  թողել, նրանից  խլել էր  իր երկրորդ կեսին, իսկ միակ վայրը, որ լցնում էր աղջկա  դատարկ հոգին խաղողի այգին էր, սիրող սրտերի միակ վկան։

Ողկույզներն այլևս չէին օրորվում  ելևէջից, իսկ երգն ամեն անգամ խեղդող մի ցավից կիսատ էր մնում։ Քաղցր ու հյութեղ գինու երգը այդպես էլ հավերժ մնաց անավարտ։

ԱՆժելա Շահանց, լրագրություն 2-րդ կուրս