Արցախի պետական համալսարան

Ստեղծագործում են մեր ուսանողները: «Լրագրություն» 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Հայրապետյանն իր հերոսի մասին է պատմում:

Պատերազմը սահմաններ չունի, իսկ հայրենիքը՝ սահմանված գին։ Հայրենիքը սրբություն է, որի համար ամենաթանկ զոհաբերությունը կյանքն է։

Հայրենիքի համար իրենց  կյանքը զոհած քաջորդիների շարքին է դասվում Արման Աղաբաբյանը։ Նա մեկն է այն եզակիներից, ովքեր կռվեցին մինչև վերջ՝ հստակ իմանալով ինչի և ում համար։

Ազնիվ, ընկերասեր, խիզախ, համեստ, մեծ կամքի տեր… այսպիսի անվերջանալի հատկանիշներով են Արմանին բնութագրում ճանաչողները։

Արման Աղաբաբյանը ծնվել է 2001թ. ապրիլի 27-ին Ստեփանակերտում։ Փոքր տարիքից փայլուն շախմատ էր խաղում։ Նաև տիրապետում էր ուշուի մարզաձևին։ Ունի շատ պատվոգրեր և գովասանագրեր, որոնք ստացել է՝ մասնակցելով ուշուի տարբեր առաջնությունների։

 Արմանը ավարտել է Ստեփանակերտի 11-րդ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը՝ «Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ» մասնագիտությամբ։

2019թ. հուլիսի 9-ին համալրել է պաշտպանության բանակի շարքերը։ Ծառայության առաջին օրերից սկսած՝ աչքի է ընկել որպես խելացի ու պարտաճանաչ զինվոր։ ՀՀ-ում դասընթացներ անցնելուց հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում։

Տեսնելով Արմանի նվիրվածությունը և պատասխանատու կեցվածքը, հաշվի առնելով զինվորների հարգանքը նրա հանդեպ՝  հրամանատարության կողմից նրան շնորհվում է սերժանտի, այնուհետև՝ ավագ սերժանտի կոչում։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի հենց առաջին օրերից Արմանը մասնակցել է մարտական գործողություններին։ Նա փայլուն կերպով կատարում էր այնպիսի մարտական առաջադրանքներ, որոնք զարմացնում ու հիացնում էին հրամանատարներին և ընկերներին։ Վտանգի ենթարկելով իր կյանքը՝ նա փրկում է մի շարք վիրավոր զինակիցների կյանքեր՝ նրանց դուրս բերելով վտանգավոր տեղերից։

Արմանի վերջին մարտը Լյուլասազ կոչվող բարձունքում էր։ Անհավասար մարտում նա վիրավորվում է։ Դիրքում երեք հոգի էին։ Երբ զինակիցը ցանկանում է դուրս բերել նրան,  ասում է. «Թողեք ու գնացեք»: Կյանքի վերջին ժամերին էլ նա չի կորցնում սրտացավությունն ու հոգատարությունը ընկերների նկատմամբ՝ չցանկանալով, որ իրեն դուրս բերելու պատճառով ուրիշ մեկը տուժեր․․․ Դիրքում մնում է մենակ, միայն առավոտյան է հաջողվում դուրս բերել մարմինը, իսկ հոգին արդեն Աստծո լուսավոր ճանապարհն էր բռնել։ Մի ճանապարհ, որով քայլում են անմահները․․․

Հոկտեմբերի 24-ին մարում է Աղաբաբյանների տան միակ ճրագը, բայց նա շարունակում է ապրել՝  որպես Լյուլասազի բարձունքի այն արծիվը, որի թռիչքը չի ավարտվելու։ Հերոսների երամը ամեն լուսաբացի բարձունքից վեր է բարձրանում եւ թռչում է երկնքում՝ սպասելով ազատ ու անկախ Արցախի այն լուսավոր օրվան, հանուն որի գնացին անվերադարձ․․․

«Երբ Արմանը ծնվեց, նրա ճակատին խաչ կար, որը երեխայի մեծանալով անհետացավ։ Մտածում էինք՝ Աստծո կողմից է ուղարկվել և երկար կյանք կունենա։ Չէինք պատկերացնում, որ այսպես կլինի»,- պատմում է Արմանի մայրը։

«Շատ փոքր էր, երբ միասին եկեղեցի գնացինք։ Երկար աղոթեց։ Հետո, երբ հարցրեցի, թե ինչ էր խնդրում Աստծուց, լռեց, ասաց՝ եթե ասեմ, չի իրականանա։ Հետո համոզեցի նրան և պատմեց։ Նա Աստծուց խնդրում էր, որ իրեն 4 զավակ պարգևի՝ 2 աղջիկ, 2 տղա։Նա տան մինուճարն էր, և ուզում էր, որ իր ապագա երեխաները և՛ եղբայր ունենան, և՛ քույր»,- հավելում է Արմանի մորաքրոջ աղջիկը։

 Արմանը եւ արմանները մեզ սովորեցրին հայրենիքի եւ հայրենասիրության ճշմարիտ բանաձևը։ Նրանք կապրեն այնքան, որքան կենդանի է մեր հիշողությունը։ Մենք պարտավոր ենք ապրեցնել նրանց։