Արցախի պետական համալսարան

Ստեղծագործում են մեր ուսանողները: «Լրագրություն» 2-րդ կուրսի ուսանողուհի Ալիսա Աղասյանն իր հերոսի մասին է պատմում:

Մեզնից յուրաքանչյուրն  ունի երազանքներ, սիրելի հերոսներ, որոնց ցանկանում ենք նմանվել արարքներով, բնավորությամբ ու գործունեությամբ։ Սակայն ժամանակը ստիպում է, որպեսզի մենք փոխենք մեր աշխարհայացքը, ինչպես նաև մեր հերոսներին։

44 -օրյա պատերազմը ինձ և շատերին նույնպես ստիպեց փոխել մեր հերոսներին։ Այլևս իմ հերոսը ֆիլմից կամ պատմվածքից չէ, այլ իրական, ով իր գործունեությամբ մեծ դեր խաղաց մեր իսկ ապրելու հարցում։

Հերոս  Շուրա Սուրենի Մարկոսյանը ծնվել է 1998 թվականի ապրիլի 9-ին Մարտակերտի շրջանի Թբլղու գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ 2016թ. հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ՝ ժամկետային զինվորական ծառայության անցնելով Մարտունու զորամասում, այնուհետև շարունակել է ծառայել հայրենիքին որպես պայմանագրային զինծառայող՝ սերժանտի կոչումով։

Սեպտեմբերի 26-ին Շուրան դիրքերից մի քանի օրով վերադարձել էր տուն, կնոջ՝ Լիլիթի և իր նորածին որդուց կարոտն առնելու։ Դեռ կարոտը չառած՝ սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան արկի պայթյունից վեր թռավ՝  հասկանալով, թե ինչ է կատարվում, իսկույն հագավ զինվորական համազգեստը և շտապեց տնից դուրս գալ։ Վախեցած Լիլիթը գրկեց նորածին որդուն, կանգնեց ամուսնու առջև՝ ասելով.

- Շուր մի՛ գնա։

-Ես չեմ կարող զինվորական հագուստ կրելով հանդերձ թաքնվել տանը,-ասաց Շուրան՝ համբուրելով կնոջը և որդուն ու հեռացավ տնից։

Այդ օրն էլ սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Հենց առաջին օրվանից Շուրան առաջնագծում էր՝ մասնակցելով թեժ մարտերի: Հոկտեմբերի  10-ին թշնամու լայնածավալ  հարձակումների ժամանակ Շուրան մահացու վիրավորում է ստանում... անշնչացած մարմինը դուրս են բերում մի քանի ամիս անց:  2021թ.-ի փետրվարի 10-ին՝ Շուրայի մոր ծննդյան օրը,  բերում են տղայի անշնչացած մարմինը։

Մեր ժպտերես Շուրիկի վերադարձին սպասում էինք բոլորս, սակայն պատերազմն իր դաժան հետքը թողեց մեր սրտերում, Շուրան չեկավ, նրան բերեցին։

Շուրայի հայրենանվեր գործը միշտ կմնա մեր հուշերում: Հայրենիքին մատուցած ծառայությունների և ցուցաբերած խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Նրա հիշատակին բացվել է աղբյուր-խաչքար  Քոլատակ֊Թբլղու գյուղեր տանող ճանապարհի միջնամասում: Խաչքարի մոտ միշտ թարմ ծաղիկները անպակաս են, նրա անունն ու հիշատակը մենք միշտ վառ կպահենք։ Երբեք բացակա չենք դնի մեր քաջ հերոսին։ Իմ հերոսը կա՛, նա ապրում է մեր բոլորի հոգիներում։