Արցախի պետական համալսարան

DSC00262

Հունվարի 25-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստը, որին հրավիրված էին  համալսարանի գիտական խորհրդի անդամները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողության ակտիվը:

Նիստը վարում էր ԱրՊՀ խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Նախքան աշխատանքներն սկսելը` Արա Հարությունյանaը, ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը, ռեկտոր Ստեփան Դադայանն ու խորհրդի անդամները հարգանքի տուրք մատուցեցին մայր բուհի զոհված ուսանողների հիշատակին` ծաղիկներ դնելով նրանց հուշակոթողին:
Նիստի սկզբում Արա Հարությունյանը իրազեկեց խորհրդի կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին. Վլադիկ Խաչատրյանի փոխարեն խորհրդի անդամ է նշանակվել Հովիկ Մուսայելյանը, իսկ ուսանողներ Սամվել Մովսիսյանի, Անուշ Մարտիրոսյանի և Հասմիկ Առաքելյանի փոխարեն` Նարինե Էլյազյանը, Լուսինե Լալայանը և Արթուր Հայրապետյանը: 
Ներկաները նախ լսեցին ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանին, ով հանդես եկավ 2011-2012 ուսումնական տարում իրականացված աշխատանքների մասին հաշվետվությամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի մայր բուհի զարգացման ծրագիրը նախատեսված է 2009-2013թթ. համար, հաստատության ղեկավարը 2013թ. հաշվետվությանը զուգահեռ խոսեց նաև նշված ծրագրի դրույթների կատարման մասին:  
Արցախի մայր բուհում 30 մասնագիտությունների գծով սովորում է 2398 ուսանող` բակալավրիատի ծրագրով, որից 1616-ը` առկա, իսկ 1322-ը` հեռակա ուսուցմամբ: Մագիստրոսական ծրագրով ուսանում են 527 մագիստրանտներ, որից 428-ը` առկա, 99-ը` հեռակա բաժիններում: Պետպատվերի համակարգում ընդգրկված է 203 մագիստրանտ: Համալսարանում սովորում է 62 ասպիրանտ:
Ս. Դադայանի հավաստմամբ` բուհի զարգացման ծրագրի ընդունման ժամանակ ուսանողների թիվը հասնում էր 4610-ի: Նրանց քանակի կտրուկ նվազումը պայմանավորված է առաջին հերթին ագրարային ֆակուլտետի տարանջատմամբ (դրա հիմքի վրա ստեղծվեց ՀՀ ագրարային համալսարանի մասնաճյուղը), ապա` 2011թ. առկա բաժնում ընդունելություն չկատարելու, ինչպես նաև` համալսարանի առջև դրված առաջնահերթ խնդիրների լուծման պատճառով: Այսինքն որակ` ոչ թե քանակ: Այս առումով մայր բուհից զգալի թվով ուսանողներ են հեռացվել: Ռեկտորի խոսքերով` չի եղել դեպք, երբ ուսանողը հեռացվի ուսման վճարը չմուծելու պատճառով:
Համալսարանում հիմնական հաստիքով աշխատում է 232 դասախոս, ևս 130-ը` ժամավճարային հիմունքներով: 225 աշխատող է ընդգրկված ուսումնաօժանդակ և տնտեսական ստորաբաժանումներում:
Ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար բուհն ունի բոլոր պայմանները. գործող 5 մասնաշենքերում առկա են անհրաժեշտ ստորաբաժանումներն ու կառույցները` մարզադահլիճներ, գրադարնն` իր ընթերցասրահներով, մասնագիտական կաբինետներ` հագեցած ժամանակակից տեխնիկական միջոցներով, լաբորատորիաներ, կենտրոններ, հրատարակչություն, տնտեսական օժանդակ կառույցներ և այլն: Ըստ Ս. Դադայանի` եթե 2008թ. համալսարանն ուներ 1 շարժական պրոյեկտոր, 256 կիլոբայթ հզորությամբ համացանց, ապա այսօր 16 մասնագիտական կաբինետներում տեղադրված են մշտական գործող պրոյեկտորներ, իսկ համակարգիչների թիվը հասնում է ավելի քան 200-ի:  Համացանցի հզորությունը հասնում է 6000 մեգաբայթի, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպվող միջոցառումները ներկայացնել միջազգային հանրությանը: Այս ամենի նպատակը մեկն է` պատրաստել ու դաստիարակել ժամանակի պահանջներին համապատասխան գիտելիքներով և ունակություններով երիտասարդ, հայրենասեր մասնագետներ:
Անդրադառնալով բուհում կազմակերպվող ուսումնական գործընթացին` Ս. Դադայանը նշեց, որ այն իրականացվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան: Առկա բաժնի 1616 ուսանողներից հաշվետու տարում գերազանց առաջադիմություն է ցուցաբերել 89 ուսանող, <<լավ>> և <<գերազանց>> գնահատականներով սովորում է 178-ը: ԱրՊՀ ռեկտորի կարծիքով` նման առաջադիմությունը վատ ցուցանիշ չէ: Հեռակա բաժնում, սակայն, ուսանողների որակը դեռևս մնում է ցածր:  1322 ուսանողից  <<գերազանց>> գնահատականներով սովորողներն ընդամենը 19-ն են, իսկ <<լավ>> և <<գերազանց>>` 65: Քիչ չէր <<անբավարար>> գնահատականներով սովորողների թիվը. երկու կիսամյակների արդյունքներով համալսարանից հեռացվել է 154 ուսանող, որից 37-ը` առկա, 117-ը` հեռակա բաժիններից: <<Նշված թվերը չեն կարող գոհացնել մեզ: Մենք լուրջ անելիքներ ունենք այս բնագավառում: Մեզ պետք չեն ուռճացված գնահատականներ, և ոչ էլ խիստ բծախնդիր ենք: Ունենք ուսանողներ, որոնք իրենց գիտելիքներով չեն զիջում ՀՀ և այլ երկրների բուհերի ուսանողներին: Այդ են վկայում բազմաթիվ շնորհակալական նամակներն ու վկայականները` հասցեագրված համալսարանի ղեկավարությանը, ավարտական քննությունների նախագահների և միջբուհական մրցույթների հանձնաժողովների կողմից>>,- ասաց Ստեփան Դադայանը:
Մայր բուհի ղեկավարն անդրադարձավ հաստատության գլխավոր խնդրին` ուսման որակի բարձրացմանն ու այդ ուղղությամբ տարվող նպատակամետ աշխատանքներին. դասախոսական կազմի (մինչև 60 տարեկան) վերապատրաստում, ուսումնական կաբինետների, լաբորատորիաների և կենտրոնների ժամանակակից տեխնիկայով շարունակական հագեցում, տարբեր տեղերից դասախոսների հրավիրում` մոդուլային տարբերակով դասընթացներ վարելու համար: Լուրջ աշխատանք է տարվում ուսանողների գիտելիքների ստուգման ուղղությամբ: Համալսարանում սկսել է գործել գիտելիքների ստուգման կենտրոնը` 37 համակարգիչներով: Որոշ դասախոսների կարծիքով, ինչպես ասաց ռեկտորը, այս տարբերակով ուսանողների գիտելիքների ստուգումը հանգեցնում է դասավանդողների պատասխանատվության նվազեցմանը, ինչի հետ սակայն համաձայն չէ բուհի ղեկավարը: <<Եթե տվյալ պահին դասախոսը չի գտնվում գնահատման կենտրոնում, դա չի նշանակում, որ նա չի մասնակցում գիտելիքի ստուգմանը: Դասախոսը պատասխանատու է տվյալ առարկայի թեստերի քանակի և, որ գլխավորն է, դրանց որակի համար: Նա պատասխանատու է ուսանողի առջև, որպեսզի ուսանողը համակարգչի հետ մենակ մնալով` չտապալվի>>,- ասաց ռեկտորը:
Զարգացման ծրագրի շրջանակներում հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով երիտասարդությանը խրախուսելու և հանրապետությունում ամրագրվելու  պահանջով վերջին երեք տարում համալսարանում բացվել են ժամանակակից պահանջարկ ունեցող մասնագիտություններ: Դրանք են` հեռահաղորդակցություն, կառավարման ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, երկրի ընդերքի և հանածոների հետազոտում և մշակում, ռազմական հոգեբանություն և մանկավարժություն, տնտեսագիտության տեսություն:
Համալսարանի ղեկավարությունը անելիքներ ունի ավարտական (նախկինում` պետական)  քննությունների կազմակերպման և անցկացման գործում: Ավարտական քննությունը, որպես այդպիսին, ըստ Ս. Դադայանի, կորցրել է իր արդիականությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շրջանավարտը ուսուցման չորս տարիների ընթացքում արդեն հավաքել է համապատասխան կրեդիտները` բոլոր դասընթացներից, այդ թվում նաև այն առարկայից, որը նշանակված է որպես ավարտական: Ստացվում է` նույն առարկայից ուսանողին կրեդիտներ են տրվում երկու անգամ, ինչը հակասում է այդ համակարգով կազմակերպվող ուսումնական գործընթացին:
Լուրջ ուշադրություն է պահանջում մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Ռեկտորի կարծիքով` այստեղ կարելի է կիրառել թեկնածուական թեզերի պաշտպանության մեթոդը, այսինքն` գնահատական չտալ, այլ հանձնաժողովի կողմից տրվող ձայներով (բաց կամ փակ քվեարկությամբ) շնորհել կամ չշնորհել մագիստրոսի աստիճան:
Արցախի մայր բուհում զգալի աշխատանք է տարվել ուսանողների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ: Ավարտվել է ուսանողական հանրակացարանի 44 սենյակների վերանորոգումը և ուսանողների համար ստեղծվել են կենցաղային բոլոր հարմարավետ պայմանները: Ներկայումս հանրակացարանում բնակվում է 112 ուսանող: Ս. Դադայանը շնորհակալություն հայտնեց հովանավորին` դոկտոր Ալբերտ Մելիք-Ղասումյանին և վերանորոգման աշխատանքների կազմակերպիչ Ստեփան Նալբանդյանին, ինչպես նաև` ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանին` այդ գործին աջակցելու համար:
Համալսարանում գործում է վճարների փոխհատուցման և զեղչերի համակարգ` ինչպես կառավարության, այնպես էլ բուհի կողմից սահմանված կարգով:  Կառավարության կողմից ուսման վճարների փոխհատուցում է կատարվել 186 ուսանողի համար` 30.2 մլն դրամի չափով, իսկ համալսարանի կողմից` 410 ուսանողի համար` 30.1 մլն դրամի չափով: Միանվագ օգնություն և խրախուսանք է ցույց տրվել 65 ուսանողի` 779.2 հազար դրամի չափով:
Հաշվետու տարում չի դադարել պայքարը արատավոր, կոռուպցիոն երևույթների դեմ: ԱրՊՀ ռեկտորի հավաստմամբ` չարագործները հեռացվել են համալսարանից: <<Բուհի կոլեկտիվը հստակ իրազեկված է, որ այդ հարցում ներում չի լինելու,- ասաց Ստեփան Դադայանը: - Համալսարանի ղեկավարությունը հաստատակամորեն է տրամադրված` շարունակելու անհաշտ պայքարը նման երևույթների դեմ: Դասախոսի բարձր կոչմանը չհամապատասխանող ցանկացած արատավոր երեւույթի դեմ պետք է հետեւողական պայքար տանել>>:  
Զեկուցողն անդրադարձավ պրոֆեսորադասախոսական կազմի սոցիալական վիճակին: 2012-ին դարձյալ աճել է աշխատավարձերի չափը: Այսօրվա դրությամբ գիտության դոկտոր-պրոֆեսորի աշխատավարձը կազմում է 231.1 հազար դրամ, իսկ գիտության թեկնածու-դոցենտինը` 169.6 հազար դրամ: Եթե դրանց գումարում ենք նաև ժամավարձային տարբերակով ստացածը, ապա ստացվում է շոշափելի գումար, ասաց ռեկտորը:
Միանվագ օգնություն է տրվել 12 անձանց` 1.121.5 հազար դրամի չափով: 2012թ. համալսարանի կոլեկտիվը խրախուսվել է երկու անգամ` Մայիսի 9-ին և Ամանորին, ընդհանուր առմամբ` 13.230.000 հազար դրամի չափով` աշխատավարձերին հատկացված տնտեսումի հաշվին: Օգնություն է ցուցաբերվել համալսարանից ընդմիշտ հեռացած աշխատողների ընտանիքներին:
Համալսարանի ղեկավարության ուշադրության կենտրոնում է կոլեկտիվի (աշխատողների, ուսանողների) սոցիալական վիճակի բարելավումը. ուսանողներին անհրաժեշտ են հանրակացարանային նոր տեղեր, դասախոսներին` 1-2 սենյականոց ծառայողական բնակարաններ: Ս. Դադայանը այս և նման խնդիրների լուծման իր տարբերակը ներկայացրեց:
Հաշվետու տարում շարունակվել են աշխատանքներ տարվել գիտամեթոդական, արտաքին կապերի զարգացման, նյութատեխնիկական բազայի հարստացման և մի շարք այլ ուղղություններով, ինչը հանգամանալից ներկայացվեց ռեկտորի ելույթում:
Նիստի մասնակիցները լսեցին նաև ԱրՊՀ գլխավոր հաշվապահ Գոհար Սարգսյանի հաշվետությունը` 2012թ. ֆինանսական տարվա գործունեության և 2013թ. նախատեսվող եկամուտների ու ծախսերի  նախահաշվի նախագծի մասին: 2012թ. ԱրՊՀ փաստացի դրամական մուտքերը կազմել են 997.8 մլն դրամ: Նշված գումարը կազմում է նախատեսված մուտքերի 96.7 տոկոսը և գերազանցում է 2011թ. փաստացի մուտքերը` 1.6 տոկոսով: 2012թ. 325.9 մլն դրամը կամ ընդհանուր մուտքերի 32.7 տոկոսը կազմել է բյուջեից ֆինանսավորումը` զիջելով 2011թ. նույն ցուցանիշին 0.6 տոկոսով: 671.9 մլն դրամը կամ 67.3 տոկոսը կազմել են սեփական եկամուտները:
2013թ. ԱրՊՀ նախատեսվող ընդհանուր ծախսերը կկազմեն 1 մլրդ 151 մլն 700 հազար դրամ, որից 816.0 մլն դրամը կամ 77.6 տոկոսը նախատեսվում է իրականացնել սեփական միջոցների հաշվին, իսկ 335.7 մլն դրամը կամ 22.4 տոկոսը` բյուջետային միջոցների հաշվին: Ընթացիկ տարվա մարտի 1-ից 10 տոկոսի չափով աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում:    
Ելույթ ունեցողները ռեկտորի մեկ տարվա կատարած աշխատանքը գնահատեցին բավարար: Նրանցից ոմանք ներկայացրին նաև ուսումնական գործընթացին վերաբերող` չլուծված մի քանի խնդիրներ, հանդես եկան կոնկրետ առաջարկություններով: Ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Բաղունցը նշեց, որ անհասկանալի պատճառներով չիրականացված է մնում տեխնիկական առարկաներից հեռակա դպրոցների կազմակերպման գաղափարը, որը բավականին արդարացրել է իրեն ՀՀ-ում` ակադեմիկոս Ղազարյանի ջանքերով, սակայն Արցախում խնդրո առարկա հարցը չի ստացել իր անհրաժեշտ օժանդակությունը: Չիրականացված է մնացել նաև համալսարանի` օդանավակայանի հիմքի վրա ավիամոդելավորման և <<Պատանի ռադիոտեխնիկ>> խմբակների ձևավորման գաղափարները, որի համար նախապատրաստական բոլոր աշխատանքները վաղուց իրականացվել են մայր բուհի կողմից: <<Մենք ոչ մեծ ֆինանսական աջակցության կարիք ենք զգում, որպեսզի կյանքի կոչենք տեխնիկապես տաղանդավոր երիտասարդների պատրաստման համար նախատեսված մեխանիզմը, ինչն իրավացիորեն արդարացրել է իրեն Ղարաբաղում` 70-80-ականներին>>, - ասաց Գ. Բաղունցը: Նրա խոսքերով` տեխնիկական լաբորատորիաների բացակայությունը, ինչպես միշտ, մնում է <<աքիլլեսյան գարշապար>>: Մի շարք այլ չլուծված խնդիրների առնչությամբ դեկանն ակնկալում է կառավարության ղեկավարի աջակցությունը, մասնավորապես` <<Բեյզ Մեթըլս>>, <<Արցախէներգո>>, <<Ղարաբաղ Տելեկոմ>> և շինարարական որոշ ընկերությունների հնարավորությունները համալսարանի ուսումնական և նյութատեխնիկական բազայի ընդլայնման համար օգտագործելու առումով: 
Իր ելույթում ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանն անդրադարձավ այն թերացումներին, որոնք դեռևս առկա են ուսումնական գործընթացում: Դա հիմնականում ուսման որակին էր վերաբերում: Նախարարության կողմից կազմակերպված ստուգումների արդյունքում պարզվել է, որ հեռակա ուսուցման բաժնում հաճախելիությունը բավականին ցածր է:
Ամփոփելով խորհրդի նիստի աշխատանքները` Արա Հարությունյանը մասնավորապես մի քանի դիտողություններ և առաջարկություններ արեց: Կառավարության ղեկավարը պատրաստակամություն հայտնեց ոչ միայն աջակցել բարձրացված խնդիրների լուծմանը, այլև համատեղ ուժերով իրականացնել դրանց ուղղությամբ տարվելիք աշխատանքները: Այս առումով նա կոչ արեց կանոնակարգել և նախապես քննարկել բուհում իրականացվելիք յուրաքանչյուր բարեփոխում, ինչպես նաև` էլ ավելի սերտացնել համալսարան-կառավարություն կապը: <<Մեր նպատակն է ունենալ ժամանակակից, մրցունակ գիտակրթական համակարգ եւ մեծ համբավ ունեցող մայր բուհ>>,- ասաց Արա Հարությունյանը: 
ԱրՊՀ խորհուրդը ռեկտորի մեկ տարվա աշխատանքը գնահատեց բավարար: Հաստատվեց 2012թ. ֆինանսական տարվա հաշվետվությունը:

IMG_0473