Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ում հոկտեմբերի 18-ից մեկնարկել է առաջին կիսամյակի առաջին փուլի ընթացիկ ստուգումների շրջանը, որի կապակցությամբ ՀԿ և լրատվության բաժինը զրուցել է ուսանողների և համապատասխան բաժնի պատասխանատուների հետ: Ստուգումները կազմակերպվում են հատուկ պայմաններում՝ պահպանելով համավարակի տարածումը կանխարգելող սանիտարահիգիենիկ անհրաժեշտ պահանջները:

Ուսանողներն, ընդհանուր առմամբ, գոհ են քննությունների ընթացքից: Նրանք իրազեկված են իրենց իրավունքների և պարտականությունների, համապատասախան կանոնակարգերի մասին, այդ թվում նաև` քննասենյակի կարգապահական կանոններին: ԱրՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի աշխատակիցները, նախքան քննությունների մեկնարկը, ուսանողներին տեղեկացնում են քննությունների անցկացման կարգի, ուսանողների իրավունքների և պարտականությունների մասին:

Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պատասխանատուն հավաստիացնում է, որ վերահսկվում են նաև դասախոսների կողմից թեստերի մուտքագրման ընթացքն ու դրանց որակը: Նրա խոսքով, ուսումնական գծով պրոռեկտորի անմիջական վերահսկողությամբ պարբերաբար թարմացվում են թեստերը, ենթարկվում փորձաքննության:

«Ստուգումներն անցնում են բնականոն հունով: Առայժմ էական խնդիրներ ու խոչընդոտներ չեն արձանագրվել: Պահպանվում են համավարակի տարածումը կանխարգելող անհրաժեշտ կանոնները, ուսանողները քննասենյակ են մտնում դիմակներով, փոքր խմբերով, առկա են ախտահանիչ նյութեր, կատարվում է ախտահանում յուրաքանչյուր խմբի մուտքից առաջ և հետո»,-նշել է ՈւԳՎ բաժնի պետ Գ. Գասպարյանը:

Առկա բաժնի ուսանողների համար քննաշրջանը կտևի մինչև հոկտեմբերի 29-ը: