Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 27-ին ԱրՊՀ է այցելել հայազգի անվանի գիտնական, տեխնիկական  և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արտեմ Օհանովը, ով աշխարհին առավել հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի մեթոդների և բյուրեղային կառուցվածքների ստեղծման ու գիտության հանրայնացման աշխատանքներով։

Անվանի գիտնականին նախ ընդունել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Ողջունելով հյուրին՝ ռեկտոր  Ա. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ա. Օհանովին Արցախի պետական համալսարան այցելելու համար՝ բարձր գնահատելով նրա ներդրումը գիտության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության բնագավառում  բնագիտական ուղղության մասնագիտությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

«Մեզ համար մեծ պատիվ է մեր համալսարանում հյուրընկալել աշխարհահռչակ այնպիսի գիտնականի, ինչպիսին Արտեմ Օհանովն է»,-նշել է Ա. Սարգսյանը:

Արտեմ Օհանովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել  մասնագիտական աջակցություն ցուցաբերելու ԱրՊՀ-ին:

Ռեկտորի հետ հանդիպումից հետո գիտնականը  ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի ուսանողների և դասախոսների  համար հանդես է եկել «21-րդ դարի մարտահրավերները բյուրեղագիտության ոլորտում» թեմայով դասախոսությամբ: