Արցախի պետական համալսարան

Ստեղծագործում են մեր ուսանողները: «Լրագրություն» 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Հայրապետյանն իր հերոսի մասին է պատմում:

«Հայրենիքս և ես՝ մենք լծորդված  ենք  իրար, ինչպես հոգի և մարմին, ինչպես  նպատակ և միջոց: Նա գերագույն նպատակն է, ես՝  միջոցը»:

Նժդեհի այս սկզբունքը իրենց հոգում կրողները դարձան  նրան արժանի սերունդներ: Վարուժան  Առստամյանն այդ գաղափարական ու նվիրյալ սերնդից էր: 

Ծնվել է  1974թ. սեպտեմբերի  28-ին Ճարտարում: Ուսում է ստացել   ծննդավայրի  դպրոցում: Այնուհետև կրթությունը  շարունակել  է  Մարտունու  արհեստագործական  ուսումնարանում:

Վարուժանը խանութ էր բացել, տարեցտարի ընդլայնել խանութի տարածքը և իր փոքրիկ բիզնեսով էր զբաղվում: Նա իր բիզնեսի ու ծննդավայրի հետ կապված շատ նպատակներ ուներ, որոնց անպայման կհասներ իր համառ ու աշխատասեր բնույթով: Սակայն 44-օրյա պատերազը խախտում է նրա ու շատ-շատերի ծրագրերը: Պատերազմի գույժը լսելուն պես Վարուժանը կամավորագրվում է, մեկնում  ռազմաճակատ: Նրա աչքերը դեռ պատանի տարիքում էին տեսել ու զգացել   պատերազմի ողջ արհավիրքը: Մասնակից լինելով Արցախյան ազատագրական  պայքարին,  քառօրյա  մարտերին՝  քաջ գիտակցում էր՝ ուր և ինչի  համար է գնում:

Մարտերը ծանր էին ու անհավասար ե՛ւ զինտեխնիկայի, ե՛ւ մարդկային  տեսանկյունից:  Բայց դա չի խանգարում հայ մարտիկին՝ կանգնել հայրենիքի  պաշտպանության  սահմանագծին:

 «Երբ նրան հորդորում էին, որ դիրքերից իջնի, չէր լսում, ասում էր,  որ չի կարող  մենակ թողնել իր ընկերներին, ովքեր տարիքով փոքր էին իրենից»,֊-պատմում են  հարազատները։

Հոկտեմբերի  30-ը  ճակատագրական դարձավ Վարուժանի համար: Այդ օրը  «Գեւորգավան» կոչվող տեղամասում մահացու վիրավորում են ստանում երեք ճարտարցիներ, որոնց թվում նաև Վարուժանը: Նա բռնում է հավերժության  ճանապարհը՝ միանալով իր քրոջ տղային, ով, քսան  տարեկանը դեռ չբոլորած, քաջի  մահով զոհվեց Կարմիր շուկայի մոտ՝ հոկտեմբերի  28-ին:

Վարուժանի դին չի հաջողվում միանգամից դուրս բերել, քանի որ այդ դիրքն արդեն անցել էր թշնամուն: Նրա մահվանից մի քանի ամիս անց են միայն ծնողները   կարողանում  դին հողին  հանձնել:

Այսօր նրա ավագ  որդին, որպես ժամկետային զինծառայող, ծառայում է հայոց  բանակում՝ սրտում ունենալով  հոր սկզբունքային  կերպարը:

«Լուրջ ու միևնույն ժամանակ կատակասեր մարդ էր։ Մինչև այսօր էլ  չեմ հավատում, որ չկա,- ասում  է  իր  հարևանուհին  և  շարունակում,- նրա խանութ  մտնելուց  միանգամից զգում ես նրա բացակայությունը։ Այնտեղ ամեն ինչ նրան է հիշեցնում»։

Նրան ճանաչողները պատմում են, որ Վարուժանը օրինակելի էր թե՛ որպես որդի, թե՛ որպես  ամուսին, հայր,  ընկեր, լավ  բարեկամ, թե՛ ուղղակի որպես հայրենիքի  զավակ:

Հարազատների ու Վարուժանին ճանաչողների  համար  սիրելի  Վարուժից  մնացել  են թանկ հիշողություններ, որոնք ուղեկցում են նրանց:

Հայրենիքի համար մարտիրոսված մյուս հերոսների  նման նա էլ որպես  հրեշտակ ապրում է իր  ծննդավայրում, հսկում և ուղղորդում է ծնողներին  ու հարազատներին, ուժ տալիս ապրելու, իր կիսատ թողած իղձերն  ու  նպատակներն իրագործելու:

Անմահների գնդի մեջ Վարուժանը շարունակում է իր հավերժի երթը  և դուրս  է գալիս ամեն աստղալից  երկնքի  հետ, ամեն պայծառ օրվա արևի շողի հետ, ամեն  կապույտ երկնքի  մեջ…