Արցախի պետական համալսարան
Հարգելի՛ դասախոսներ, գիտնականներ,
 
Շնորհավորում եմ Ձեզ՝ գիտության միջազգային օրվա առթիվ:
Գիտությամբ զբաղվելը բոլոր ժամանակներում, առավել ևս մեր օրերում, առաքելություն է և նվիրում՝ աշխատանք լինելուց զատ: Արցախի Հանրապետության մտավոր այն սերուցքը, որն իր համար որպես կյանքի առաքելություն է ընտրել գիտության ուղին, այսօր իր գործունեությունը շարունակում է՝ ամեն օր, ամեն ժամ նպաստ բերելով Արցախն ապրեցնելուն և գիտակրթական բնագավառի կենսունակությունն ապահովելուն:
 
Եզակի են այն նվիրյալները, ովքեր, հաղթահարելով ոլորտում առկա բազմապիսի խնդիրները՝ քաղաքական, սոցիալական և այլ, շարունակում են լինել գիտության նվիրյալ և իրենց ամենօրյա աշխատանքով հավատարիմ մնում իրենց առաքելությանը:
 
Մեծ է գիտության դերը պետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում: Նաև մեծ է պետության դերը գիտությունը զարգացնելու գործում: Աշխարհաքաղաքական և մեր հայրենիքի համար բարդ ժամանակներում յուրաքանչյուրը պետք է կարողանա գործադրել առավելագույն ջանքեր՝ գործունեության արդյունավետություն ապահովելու համար և այն ծառայեցնելու մեր հայրենիքի լինելիությանը, զարգացմանը և առհասարակ մարդկային քաղաքակրթությանը:
 
Արցախի պետական համալսարանում են այսօր աշխատում գիտության ուղին ընտրած արցախցի գիտաշխատողների մեծ մասը՝ գիտությունների թեկնածուներ, դոկտորներ, երիտասարդ հետազոտողներ, որոնցից յուրաքանչյուրն իր ընտրած բնագավառում ունի աշխատություններ, սկսած և ընթացքում գտնվող գիտական ծրագրեր: Բացի գիտական ծրագրերից, նրանք նաև աշխատում են ուսանողության հետ՝ երիտասարդության մեջ ևս բացահայտելով գիտական ներուժ և ուղղորդելով նրանց դեպի գիտության աշխարհ:
 
Մեր բուհի գիտական գործունեությանն իրենց նպաստն են բերում նաև հայաստանյան և արտերկրի մի շարք ականավոր գիտնականներ: Երախտագիտությունս բոլոր նրանց, ովքեր այս ծանր ժամանակներում Արցախի պետական համալսարանում գիտության բնագավառը իրենց գործունեությամբ կենսունակ են պահում:
 
Օրվա առթիվ շնորհավորելով բոլոր գիտնականներին ու գիտաշխատողներին՝ մաղթում եմ հաջողություններ, նորանոր նվաճումներ գիտության ոլորտում և խաղաղություն: