Արցախի պետական համալսարան

Համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակի հետ կապված` ԱրՊՀ-ում, համաձայն ռեկտորատի որոշման,  ուսումնական գործընթացը նոյեմբերի 8-ից պարտադիր կազմակերպվում է հեռավար եղանակով, իսկ որոշ դասընթացների մասով գործընթացը սկսվել էր դեռ ավելի վաղ:

Դասընթացներն իրականացվում են Google for Education| Classroom   հարթակի միջոցով՝ ըստ գործող դասացուցակի և գրանցվում մատյաններում: Հարթակում յուրաքանչյուր դասընթացի համար առկա են դասավանդող դասախոսի կողմից ներբեռնված ուսումնական նյութերը՝ դասախոսությունների փաթեթը, առարկայական նկարագիրը, այլ առաջադրանքներ ու հանձնարարականներ, որոնք հնարավորություն են ընձեռում ուսանողին լիարժեքորեն օգտվելու ուսումնական նյութից և յուրացնելու թեման:

Հեռավար ուսուցման եղանակով իրականացնելու գործընթացը վերահսկում են ֆակուլտետների դեկանները,  ուսումնական գործընթացի վերահսկման բաժինը և որակի ապահովման կենտրոնը:

Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանի խոսքով՝ պարապմունքներն ընթանում են բնականոն հունով, իսկ ի հայտ եկող խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթ են կրում, որոնք կապված են դասի ընթացքում համացանցի կամ էլեկտրաէներգիայի խափանումների հետ: Բաց թողնված դասաժամը դասախոսը լրացնում է տեխնիկական բնույթի խնդիրները լուծվելուց հետո:

«Քանի որ համալսարանն արդեն ունի Google for Education կրթական հարթակի օգտատերերի գործառույթների հստակ բաշխում, ուստի առցանց ուսուցման առաջադրած որոշ խնդիրներ հեշտությամբ լուծվել են: Առցանց դասընթացներին խոչընդոտող հիմնական պատճառներն օբյեկտիվ են: Կարելի է արձանագրել, որ առցանց ուսուցումը հաջողությամբ է իրականացվում: Համապատասխան ստորաբաժանումները գրանցում են առկա խնդիրները, որոնք հընթացս լուծվում են»,-նշել է ԱրՊՀ ՈԱԿ վարիչ Շուշանիկ Սաղյանը: