Արցախի պետական համալսարան
Սիրելի՛ ուսանողներ,
Այսօր առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու ուսանողության դերը և գնահատանքի խոսքեր ասելու ձեզ։ 44-օրյա պատերազմը ապացուցեց, որ այսօրվա ուսանողը հայրենիքի արժանի զավակն է, ազգային ճշմարիտ արժեքներ ունեցող հայրենասեր քաղաքացի և համամարդկային արժեքներ կրող անհատ։ Պատերազմի օրերին մեր տղա ուսանողները շտապեցին առաջնագիծ՝ զենքով պաշտպանելու հայրենիքը, իսկ աղջիկները՝ կամավորագրվեցին թիկունքային աշխատանքներին։ Ցավոք, ունեցանք կորուստներ և վիրավորներ․․․Մեր 26 ուսանողներ հանուն հայրենիքի պաշտպանության դարձան անմահ հերոսներ՝ հավերժ մնալով ուսանող, բայց մարդկությանն ու աշխարհին տալով կյանքի մեծագույն դասը։ Հավերժ փառք ու պատիվ նրանց և երախտագիտություն ու խոնարհում նրանց ծնողներին։
Այսպես է եղել նաև Արցախյան շարժման տարիներին, Արցախյան առաջին և ապրիլյան պատերազմների ժամանակ։ Սերունդները փոխվում են, բայց անփոփոխ է մնում գերագույն նպատակը՝ հայրենակերտում։ Այսօր էլ ձեզնից յուրաքանչյուրն իր ամենօրյա աշխատանքով, համալսարան այցելելով, նորանոր գիտելիքներ ձեռք բերելով նպաստում է հայրենակերտմանը՝ ապրեցնելով մեր վիրավոր Արցախը։
Պատերազմից հետո և ապա՝ համավարակով պայմանավորված դժվարությունները մենք միասին հաղթահարում ենք ամեն օր և միասին արձանագրում մեր հաջողությունները, որոնցից հատկանշական է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը հաջողությամբ անցնելը։
Հավատում եմ, որ Արցախի պետական համալսարանում այսուհետ ևս արվելու է ամեն հնարավորը՝ կրթության որակի շարունակական բարելավում ապահովելու, մրցունակ և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող շրջանավարտ թողարկելու համար։
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ Ուսանողության միջազգային օրվա առթիվ և մաղթում նորանոր նվաճումներ ձեր ընտրած բնագավառում։ Հորդորում եմ արդյունավետ օգտագործել ձեզ ընձեռված ժամանակն ու հնարավորությունները՝ ի նպաստ նոր գիտելիքներ ու կարողություններ ձեռքբերելուն։ Խաղաղություն և հաջողություններ ձեզ։