Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 20-ին Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը առցանց հանդիպում է ունեցել Հայագիտական Ուսմանց Ընկերության անդամների հետ և հանդես եկել «Արցախի պետական համալսարան․ անցյալը, ներկան և ապագան» թեմայով բանախոսությամբ։

Դեռևս հոկտեմբերի 25-ին ԱրՊՀ եւ Հայագիտական Ուսմանց Ընկերության (ՀՈՒԸ) միջև կնքվել էր համագործակցության հուշագիր՝ կրթության եւ հետազոտության բնագավառում համագործակցության ամրապնդման նպատակով, որի շրջանակում նախատեսվում էր նաև կազմակերպել դասախոսություններ, համատեղ քննարկումներ և այլ ծրագրեր։ Համատեղ առաջին ծրագիրն արդեն իրողություն դարձավ՝ առցանց հանդիպում-բանախոսություն ձևաչափով, որին մասնակցում էին նաև մասնագետներ ԱրՊՀ-ից։
Բանախոսության ընթացքում ԱրՊՀ ռեկտորը շնորհակալություն է հայտնել Հայագիտական Ուսմանց Ընկերության նախագահ դոկտոր Պետրոս Տեր-Մաթոսյանին, ընկերության մասնագետներին՝ ԱրՊՀ հետ համագործակցելու, հայրենիք-սփյուռք կապն ամուր պահելու համար։ Ռեկտորը ներկայացրել է ԱրՊՀ անցած ճանապարհը, բուհի ունեցած դերը պետականաշինության գործընթացում, համալսարանում ներկայումս իրականացվող գիտակրթական գործունեությունը, արձանագրված հաջողությունները, խնդիրները, խոսել անելիքների և ապագա տեսլականի մասին։
Ռեկտոր Արմեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցելու Արցախի պետական համալսարանին՝ գիտակրթական ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությանը նպաստելու նպատակով։
Հայագիտական Ուսմանց Ընկերության նախագահ դոկտոր Պետրոս Տեր-Մաթոսյանն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին ու ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանին՝ թեման հանգամանորեն ներկայացնելու համար և հույս հայտնել, որ ԱրՊՀ և Հայագիտական Ուսմանց Ընկերության միջև համագործակցությունը շարունակական է լինելու, որի շրջանակում առաջիկայում ևս կյանքի են կոչվելու նոր ծրագրեր, ինչպիսիք են աջակցություն օտար լեզուների ուսուցման կենտրոնին, ոչ ֆորմալ կրթության շրջանակում դասախոսություններով հանդես գալը և Հայագիտական Ուսմանց Ընկերության հանդեսի այս համարում ԱրՊՀ մասնագետների հոդվածները զետեղելը։