Արցախի պետական համալսարան
Նիդեռլանդներում բնակվող մեր հայրենակից, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Բաղդասարյանը այսօր՝ նոյեմբերի 20-ին, Zoom հարթակի միջոցով հանդես է եկել «Առողջության բաղադրիչները և արտաքին միջավայրի ազդեցությունը» թեմայով դասախոսությամբ, որին մասնակցել են 80-ից ավելի ուսանողներ, դասախոսներ և հոգեբաններ Արցախից:
 
 
Հոգեբան գիտնականի մոտ նման ձևաչափով հանդիպում նախաձեռնելու գաղափարը ծագել է՝ դիտելով ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանի հեռուստաեթերը, ով պատմում էր համավարակի պայմաններում ուսումնական գործընթացը հեռավար եղանակով իրականացնելու և ԱրՊՀ մյուս ծրագրերի մասին։ Գիտնականի առաջարկը սիրով ընդունվեց համալսարանականների կողմից, մանավանդ որ Լ. Բաղդասարյանին ծանոթ են արդեն ԱրՊՀ-ում։ Պրոֆեսոր Լևոն Բաղդասարյանը նախկինում եղել է Արցախի պետական համալսարանում և դասախոսություն է ընթերցել «Ցեղասպանության գենետիկական հետևանքները թեմայով»։
«Առողջության բաղադրիչները և շրջակա միջավայրի ազդեցությունը» թեմայով դասախոսության ընթացքում պրոֆեսորն անդրադարձել է մարդու հոգեկանի վրա ունեցող արտաքին ազդեցություններին՝ առանձնացնելով մեդիաազդեցությունը, որը, նրա կարծիքով, ամենաազդեցիկն է։
«Ինֆորմացիան է, որը կարող է կազմալուծել մարդու հոգեկանը»,-գտնում է նա՝ առանձնացնելով նաև մեդիայի միջոցով փոխանցվող դրական և բացասական ազդակները։
Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպում-դասախոսությունները շարունակական դարձնել։
ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել բանախոսին հանդիպման և արդիական թեմայով դասախոսությամբ հանդես գալու համար։