Արցախի պետական համալսարան

Երանի այն մարդկանց, ովքեր ծննդյան օրվանից մինչ մահ ապրել են` չիմանալով, թե ինչ է պատերազմը, ով ամեն մի փոքր պայթյունից չի լարվում, չի մտածում.« Այն ինչ էր, ռու՞մբ էր, թե՞ ուղղակի պայթյուն»։ Բայց մենք հայ ենք, և պատմությունը ցույց է տվել և մինչ օրս ցույց է տալիս, որ հայը պետք է իր ապրելու համար պայքարի, պայքարի կյանքի յուրաքանչյուր ակնթարթի համար։ Հայ ազգը մյուս ազգերից տարբերվում է իր հերոսությամբ։ Հայ մայրերը ծնել են հերոս զավակներ։

Ես գտել եմ իմ հերոսին ...

Երանի չտեսնեի, չզգայի նրա աչքերի տխրությունը, ցավը, նրա հոգեվիճակը...

Բայց նա ուժեղ է, տոկուն, հաղթանդամ, հաղթահարում է իր առջև դրված ամեն մի դժվարություն։ Նա իմ հերոսն է, բոլոր ժամանակների իմ հերոսը՝ Վալերա Հայրապետյանը։

Ծնվել է 1997թ. հունիսի 29ին Ստեփանակերտ քաղաքում։ 6 տարեկան հասակում հաճախել է Սախարովի անվան համար 8 միջնակարգ դպրոցը, կրթությունը շարունակել Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 միջնակարգ դպրոցում, այնուհետև Արցախի պետական համալսարանում։  Հաճախել է մի շարք սպորտային պարապմունքների՝ դյուդոյի, ՄՄԱ-ի, բասկետբոլի։ Մրցումներում զբաղեցրել է մրցանակային մի շարք տեղեր։

2015 թվականին 18 տարեկան հասակում զորակոչվել է բանակ, ծառայել Մարտունիում։ 2016 թվականին պետք է զորացրվեր, սակայն, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը պատերազմ է սկսվում՝ Ապրիլյան քառօրյա պատերազմը։

Վալերան մասնակցում է այդ պատերազմին։ Կոչումով եղել է ՀՄՄ նշանառու- օպերատոր,արժանացել է բանակի գերազանցիկ և լավագույն մարզիկ շքանշանների։

2020 թվական, սեպտեմբերի 27...

Վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վալերան պատմում է, որ պատերազմը սկսվելուց  մեկ օր առաջ ընկերներով գնացել էին ձկնորսության, վերադառնալիս լսեցին ձայներ, մտածեցին, զինվորական պարապմունքներ են, սակայն, հասնելով Ստեփանակերտ, տեսնելով խուճապահար մարդկանց, հասկացան, որ պատերազմ է սկսվել։

Վալերան միանգամից զանգեց իր 14-ամյա քրոջը, որ քույրը իջեցնի համազգեստը։ Քույրը՝ արցունքներն աչքերին, փոխանցեց համազգետը եղբորը, հույսով, որ կվերադառնա։

Պատերազմի ընթացքում Վալերան կռվել էր Մարտունիում, Ջրականում (Ջաբրայիլ), Վարանդայում (Ֆիզուլի) և Հադրութում։

44-օրյա պատերազմում, եթե անգամ հայկական բանակը անպարտելի է, անհնար էր հաղթել Ադրբեջանին ու նրան աջակցող Թուրքիային։

Պատերազմի ընթացքում մարդկային կորուստներն անչափելի էին։ Սա ազգային ողբերգություն էր, ազգային աղետ։

Նրա զինակից ընկերները նույնպես կռվեցին, շատերը ընկան մատղաշ ծառերի պես, ձուլվեցին հողին՝ իրենց արյունը հողի հետ խառնելով, պահեցին իրենց բաժին հասած սուրբ հողը։

Նրա ամենամոտ ընկերներից մեկը՝ Սամվելը, նույնպես զոհվեց։ Զոհվեց նրա աչքի առջև։ Փամփուշտը դիպավ սրտին, չոքեց՝ միանգամից ընկնելով փոսի մեջ, ընկերոջ անունը շուրթերին, մի քանի անգամ արտաբերելով՝ Վալերա՜։

Վալերան մի քանի օր հետո մարտական ընկերների հետ միասին տեղափոխվեց Հադրութ։

Չորս  կողմից շրջափակման մեջ են ընկել։

Հադրութի տներից մեկում թաքնվել էին, որպեսզի պլան մշակեին և լուսադեմին առաջ շարժվեին, բայց չգիտեին նույնիսկ, որ Հադրութն էլ մերը չէ, արդեն հակառակորդի վերահսկողության տակ էր անցել։

Հակառակորդը անդադար կրակում էր տան վրա, հետպատասխան չստանալով, հասկացան, որ փամփուշտներ չունեն, չեն կարող պաշտպանվել, մտան տուն և ...

Միգուցե կարողանային դուրս գալ շրջափակումից, սակայն գերեվարվեցին։

Վերջին անգամ նա իր ծնողների հետ հեռախոսակապ էր հաստատել հոկտեմբերի 15-ին։

Ծնողները երկար ժամանակ հուսահատության մեջ էին։

Մի օր սոցցանցերում մայրը, հակառակորդի տարածած տեսանյութում տեսնելով որդուն, տեղեկացվում է, որ տղան գերեվարվել է։

Սիրտդ ճմլվում է, երբ նայում ես գերության մեջ գտնվող տղայի մոր աչքերին, ով չգիտի՝ կվերադառնա՞ զավակը, թե՞ ոչ, հարցական հայացքը հառելով դեպի Աստված։

Մոր աչքերում ցավ կար, կարոտ, թախիծ, բայց միևնույն ժամանակ հույս, որ տղան կվերադառնա։ Լույսը բացվելուն պես, կոկորդ խեղդող արցունքների միջից խնդրում էր Աստծուն իր միակ զավակի վերադարձի համար։

Ժամանակը կանգ էր առել, սլաքները կարծես թե չէին շարժվում, տղայի վերադարձին էին սպասում։

Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեին, անչափելի ու անհատակ էր հարազատների, ընկերների ցավը։

Նոյեմբերի 9-ին, երբ ավարտվում է պատերազմը, նրա ծնողների համար դեռ ավարտված չէր պատերազմը, մոլորության մեջ սպասում էին իրենց տղայի զանգին։ Հեռախոսի զանգերը երկար ժամանակ չէին հնչում։ Մոր սրտի թրթիռը կանգ էր առել, արցունքներն աչքերին չորանում էին, գիշերներն անգամ չէին լուսանում։

Իսկ հայրը, հայրը ի՞նչ... մարդն իրեն զսպում էր, որ կողքից չտեսնեն նրա ցավը, տառապանքը, ու լուռ, նստում էր մի անկյունում մտքերի հետ։

Բոլորին հուսադրում էր. «Տղաս կգա, նա ողջ-առողջ տուն կվերադառնա, զգում եմ, նա մոտ է, նա ողջ է»։

Վալերան 57 օր անց էր կացրել գերության մեջ։ Նա այնքան ուժեղ էր, որ մեկ վայրկյան անգամ չէր մտածում հայրենիք չվերադառնալու մասին։ Ոգու ուժը, համարձակությունը, ոչ մի բանի և ոչնչի առաջ չվախենալը դարձավ կյանքի նշանաբանը։

Երբ Բաքվից զանգահարեց, նրա մայրը զգաց, որ իր տղան հոգով կոտրված չէ։

Վալերան հայրենիք վերադարձավ դեկտեմբերի 14-ին...

Բավական չէ միայն իր ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել,- ասել է Գարեգին Նժդեհը։

Դու քո ազգի հրաշունչ զինվորն ես, Վալերա, որ քաջաբար մարտնչեցիր և հետո, հույսդ չկորցնելով, կարողացար դիմակայել բոլոր դժվարություններն ու փորձություններին։ Դու իմ հերոսն ես, բոլոր ժամանակների իմ հերոսը։

Քրիստինա Ադամյան, լրագրություն 2-րդ կուրս