Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը նոյեմբերի 25-ին անց է կացրել խորհրդակցություն համալսարանի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների հետ: Խորհրդակցության նպատակն էր քննարկել և մշակել կանոնակարգ, որով հստակ կսահմանվեն դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ստորաբաժանումների աշխատողների կատարած աշխատանքի գնահատման չափանիշները, մեխանիզմները, և ըստ այդմ էլ՝ լավագույն աշխատողները տարվա վերջում կխրախուսվեն հավելավճարով:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի խոքսով՝ առ այսօր բուհում չկան աշխատողների աշխատանքը գնահատող հստակ մեխանիզմներ:

«Աշխատանքը գնահատող մեխանիզմ ունենալը նախ և առաջ միտված է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Յուրաքանչյուր աշխատող պետք է զգա, որ իր աշխատանքը գնահատվում է, և դրանով իսկ մոտիվացված կլինի արդյունավետության բարձրացման հարցում»,-նշել է Գ. Սահակյանը՝ հավելելով, որ պետք է մշակվի նաև դասալսման հստակ կարգ, որը համընդհանուր կիրառելիություն կունենա բուհում՝ բոլոր ֆակուլտետներում: Նրա խոսքով՝ դասալսումները ևս պետք է միտված լինեն մեկ գլխավոր նպատակի, այն է՝ արդյունավետության բարձրացում:

«Մենք չենք կարող այս պահին օպտիմալացում կամ հաստիքների կրճատում կիրառել որոշ ոչ արդյունավետ աշխատող աշխատակիցների նկատմամբ, քանի որ այդ աշխատանքը նաև տվյալ աշխատողների ընտանիքների համար սոցիալական խնդիր է լուծում: Պետք է կիրառենք մեխանիզմներ, որպեսզի բարձրացվի աշխատանքի որակը, արդյունավետությունը՝ ապահովելով որակի շարունակական բարելավում»,-եզրափակել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը՝ հանձնարարականներ տալով ստորաբաժանումների պատասխանատուներին՝ ուսումնասիրել  յուրաքանչյուր աշխատողի համար սահմանված  գործառույթների կատարման արդյունավետությունը, ըստ այդմ՝ սահմանել գնահատման չափանիշներն ու մեխանիզմները, որոնք էլ հետագայում կդառնան ամրագրվող կանոնակարգի հիմքը: