Արցախի պետական համալսարան

Ալբերտ Արմենի Մնացականյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 30-ին Ստեփանակերտ քաղաքում: Ալբերտը դեռ մանկուց սիրել է սպորտը և սպորտով  զբաղվել սկսել է մանկությունից: Հետագայում այդ ոլորտում արձանագրել է մի շարք հաջողություններ, դարձել է Հայաստանի, Վրաստանի և Եվրոպայի չեմպիոն: 2019 թվականին զորակոչվել է բանակ: Պատերազմի  ժամանակ ժամկետային զինծառայող էր և 6 օր համառ մարտեր է մղել թշնամու դեմ Մատաղիսում, Թալիշում: Հետո Ալբերտին տեղափոխում են հետախուզական վաշտ և նշանակում հրամանատար:  Զոհվում է իրենց գնդի հրամանատարը և  պետք էր դին դուրս բերել, որը գտնվում էր թշնամու վերահսկողության տակ: Ալբերտն իր 7 հոգանոց խմբով  ոչնչացնում է թշնամու 180 հոգանոց զորքը, հետ վերցնում մեր դիրքը  և հրամանատարի դին դուրս բերում: Ալբերտին շնորհում  են լեյտենատի կոչում: Այժմ Ալբերտը 20 տարեկան է և սովորում է ԱրՊՀ ֆիզկուլտուրա և  սպորտ կրթական ծրագրով:

Ալբերտի խոսքով՝շարունակել մեր  զոհված տղաների գործը՝ յուրաքանչյուր ապրողի պարտքն է: Պատմում է, որ պատերազմի ժամանակ էլ, տեսնելով, որ ըբնկերդ այլևս չկա, ասես ուժդ ավելանում է և ավելի ես պարտավորվում շարունակել նրա կիսատ թողածը, նրա փոխարեն էլ կռվել, իսկ հիմա նաև՝ ապրել...

Արցախն Ալբերտի համար հայրենիք է, սրբություն: Երբ Ալբերտին բնութագրում են որպես հերոս, նա սաստում է՝ ասելով.«Ինչ եմ արել որ հերոս, ուղղակի հայրենիքս եմ պաշտպանել, որը յուրաքանչյուրիս պարտքն է...»:

Այժմ այդ համեստ ու խիզախ երիտասարդը՝  Ալբերտը, շարունակում է ապրել Արցախում,  զբաղվել սիրած սպորտով և իր սեփական գործով: Ապագայում պլանավորում  է ավելի զարգացնել իր բիզնեսը և յուրովի նպաստել Արցախն ապրեցնելուն:

Աննա Հայրիյան, լրագրություն 2-րդ կուրս