Երբ շատ փոքր էի, մայրս ինձ շատ էր հեքիաթներ պատմում։ Ինձ հետաքրքիր էր հեքիաթներում յուրաքանչյուր հերոսի ճակատագիրը։ Եվ հուրախություն ինձ և բոլորիս, հեքիաթներում՝ բարին միշտ հաղթում է չարին։ Ինձ համար հեքիաթներում ուժեղը և բարին մարմնավորողները իսկական հերոսներ էին։
Իմ կյանքն էլ ինձ համար մի հեքիաթ է, քանի որ ունեմ գեղեցիկ ընտանիք և ինձ սիրող ծնողներ։ Իմ կյանքի հեքիաթը շարունակվում էր այնքան, քանի դեռ չկար պատերազմ ասվածը։ Հենց պատերազմն էլ դարձավ իմ կյանքի չար հերոսը։ Իմ կյանքի հեքիաթում էլ կան բարի ու չար հերոսներ։ Չար հերոսների մարմնավորողները՝ թշնամիներն են, իսկ բարի հերոսների մարմնավորողները՝ մեր քաջ ու անվախ տղաները։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացա ոչ թե մորս կանչից, այլ արկերի պայթյունից: Կրակահերթերն ու արկերի տարափը անձրևի պես հորդում էին: Խաղաղ բնակչությունը համատարած տեղահանվում էր: Վիրավոր Մարտակերտս կրկին թշնամու թիրախում էր։ Պատերազմ էր:
Բառ, որից արյունի հոտ էր փչում:
Մենք տեսել ենք ապրիլյան պատերազմ: 2016-ի պատերազմը, վստահաբար կարող եմ ասել, որ այս պատերազմի միայն թրեյլերն էր: Չկան պատերազմներ առանց կորուստների։ Մի ամբողջ սերունդ կորցրեց իր արմատները։ Մղձավանջը շարունակվում էր, իսկ մենք հայրենիքից հեռու, բայց մարմնի ամեն մի բջիջով հայրենիքի սրտում էինք: Դժվար է, երբ հոգիդ ու մարմինդ համատեղված չեն։ Հոգիս Արցախում էր, իմ Մարտակերտում, իսկ ես ֆիզիկապես, հեռու, շա՜տ հեռու։ Երբ հրաժեշտ էի տալիս հայրիկիս , պահանջեցի, որ ամեն օր սպասելու եմ նրա զանգին, իսկ հայրս էլ իր հերթին խոստացավ, որ ոչ մի օր չեմ դադարի սպասել ու ամեն օր թեկուզ մի քանի վայրկյանով լսում էի հորս ոգեշնչող ձայնը։ Ձայն, որը այդ չապրած օրերիս միակ ապրեցնող խորհրդանիշն էր։
Հոգիս ցավում էր, հույսս չէր մեռնում՝ ինչպես մոխրի տակ արդեն հանգչող, բայց դեռ իր գոյության համար պայքարող կրակի։
Մենք հավատում էինք հաղթանակին։
Երբ վերադարձա հայրենիք, սկսեցի վերակենդանանալ, տպավորություն էր, թե 44- օրյա կոմայից հետո կրկին վերադառնում եմ կյանք։ Մարտերում կերտված Մարտակերտս վիրավոր էր, բայց իր հզոր զավակների պես օր օրի կազդուրվում է։ Թշնամու համար ախորժալի պատառը այդպես էլ չհասավ երախին։ Մարտակերտս կա ու կմնա հար կանգուն։
Կյանքը շարունակվում է իմ ծննդավայրում։ Մեր հերոս տղաներին, մենք բացակա չենք դնի։ Այսօր նրանք մարմնացում են գտել մեր գալիք սերունդների մեջ։ Այս ասածիս ապացույցն է Մարտակերտի մանուկների բակային խաղերը, իսկ այն եղել և շարունակում է մնալ «կրակոցի»խաղը... դա ապացույցն է այն փաստի, որ գալիք սերունդը չի համակերպվել ներկայիս իրականության հետ։ Բայց թող լռեն բոլոր զենքերը, թեկուզ խաղալիք, թեկուզ իսկական։
Բոլոր հեքիաթներում բարին հաղթում է չարին։ Բայց իմ հեքիաթում մի բան այն չէ։ Իմ հեքիաթում թյուրիմացություն կա։ Բոլորը մտածում են, որ այս հեքիաթը արդեն ավարտվել է։ Բայց ես այդպես չեմ մտածում, որովհետև իմ հեքիաթի վերջում՝ դեռ բարին չի հաղթել չարին։
Հիմա ինձ համար ոչ մի հեքիաթի հերոս այլևս իսկական հերոս չէ։ Այժմ ինձ համար իսկական հերոսները մարմնացում են գտել մեր քաջ ու անվախ տղաների մեջ։ Մերօրյա իսկական հերոսները մեր զինվորներն են, ովքեր ամեն ինչ արել են, որ իմ, քո ու բոլորի հեքիաթը ունենա խոստումնալից վերջաբան ։
Ինձ համար իմ կյանքի հեքիաթը դեռ չի ավարտվել, քանի որ իմ հեքիաթում մի բան այն չէ։ Ես դեռ սպասում եմ իմ հեքիաթի բարի ավարտին...
Անժելա Շահանց, լրագրություն, 2-րդ կուրս