Արցախի պետական համալսարան

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ և «Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ  կազմակերպվել է առցանց հանդիպում, որի ընթացքում ուսանողները ներկայացրել են ամբիոնի դասախոս Արևիկ Ալեքսանյանի ղեկավարությամբ կատարած իրենց ուսումնասիրությունները՝ «ՀՀ և ԱՀ ֆինանսական շուկաների կառուցվածքը» թեմայով: Միջոցառումը կազմակերպվել է «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ» դասընթացի շրջանակում:

Արևիկ Ալեքսանյանի խոսքով՝ ընտրել են խմբային աշխատանքի մեթոդը,  քանի որ այդպես ուսանողները ոչ միայն ինքնուրույն վերլուծություններ և ուսումնասիրություններ են կատարում, այլև սովորում են խմբում աշխատել, դրանով բարձրանում է բոլորի պատասխանատվության աստիճանը. այդ հմտությունները նրանց օգնելու են հետագայում կոլեկտիվում աշխատելու համար:

«Ինչպես գիտենք, Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի առաքելությունը աշխատանքի շուկայի պահանջարկին համահունչ, մասնագիտական գիտելիքներով և հմտություններով մրցունակ, համամարդկային արժեքները ճանաչող, գիտելիքահենք տնտեսության կայացմանն աջակցող  մասնագետների պատրաստումն է»,-նշել է Ա. Ալեքսանյանը՝ հավելելով, որ այդ միջոցառումը ևս միված էր ֆակուլտետի որդեգրած քաղաքականության իրագործմանը: