Արցախի պետական համալսարան

-Ի՛մ հերոս, ի՛մ շիկահեր պատանի...

Փոքր տարիքից սովորություն ունեի թանկ մարդկանց կողմից ստացած նվերներս դնել տուփի մեջ և սրբությամբ պահել: Այս մեկն էլ բացառություն չէր... Անցել է մեկ տարի. ես ամեն ամիս այս օրը գալիս եմ քո մոտ, զգուշությամբ բացում սփոփիչ տուփը և այնտեղից հանում ինձ համար այնքան թանկ և քեզ հիշեցնող նվերը։ Հիշում եմ քո խոստովանությունը...հիշում եմ այդ օրը..օրացույցի վրա այդ օրը կարմիրով եմ նշել... չէ, նրա համար չէ , որ չեմ հիշում կամ ուզում եմ հիշել, այլ ուղղակի ուզում եմ ամեն տեղ այդ օրը լինի հատուկ...անգամ օրացույցի վրա...

Սովորական օրերից ոնց այդ օրը առանձնացրի, այդպես էլ քեզ բոլորից առանձնացրի իմ կյանքում...ընդգծեցի այնպես, որ երբեք ոչ մի վայրկյան չմոռանամ քեզ... հիշում եմ...ինչպես էիր շիկնել, ինչպես էիր կենսալի շուրթերովդ արտասանում դժվարությամբ հայթայթված բառերդ, ինչպես էր քո հուզումը փոխանցվել ինձ: Եվ որպես մեր սիրո թալիսման այս մեդալիոնը նվիրեցիր ինձ: Հիշում եմ գինին , ախ գինին էր, որ ստիպում էր քեզ դյութիչ ձայնով զարմացնել ինձ: Սիրում էի գինուդ երգը, որը վերջինը եղավ։

Մենք երջանիկ էինք միասին...երջանիկ, մինչև արյունոտ սեպտեմբեր 27։

2020 թիվ...հոկտեմբեր ...

-Զինվոր , զինվոր... դու չկաս իմ արծիվ...դու զոհվեցիր Մարտակերտի ուղղությամբ տեղակայված Ձեր դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս: Կանգնած եմ շիրմիդ առջև, արցունքներս հորդաբուխ թափվում է աչքերիցս: Աշուն  է,  ու  օրն այնքան ամպամած է ու խավար, ինչպես քեզ կորցնելու օրը: Ա՜խ...

Այ, հիմա եմ հավատում այն ասվածին, որ բնությունը նույնպես զգայարաններ ունի: Բնությունը զգում է թախիծը ,ցավը, երջանկությունը, ուրախությունը: Ես այս ամենը հասկացա այստեղ՝ քո շիրմի մոտ: Սիրտս պայթում է. մինչև հիմա չեմ համակերպվում այն  մտքի հետ, որ չկաս։ Սպասում եմ, սպասում եմ անդուլ, սպասում եմ քո վերադարձին։ Սպասումն ասես մեծ խճանկարից մոլորակ լինի. ծվեն-ծվեն ես լինում  վարկյանների ու րոպեների մեջ ու պատկերդ խախտվում է։ Սպասումն անմարդկային բան է։ Երևի ամենավատ անեծքը հենց այդպես էլ կհնչվեր «հավերժ սպասումի մեջ լինես»։

Քեզ հետ կապված հիշողությունները սփոփանք են դարձել ինձ համար։ Չեմ կարողանում այն պատճառով, որ սպասմանը գումարվում է անասելի և անդիմադրելի  կարոտ ։Ամեն անգամ միայն անունդ լսելուն պես դող ու անասելի կարոտ է զգում հոգիս, միայն կարոտի ճամփին ընկած սիրտս մղձավանջային տեղատարափի մեջ է ընկնում: Հուշ և երազ դարձար, հողդ պաշտպանելու ուղին ընտրեցիր և հավերժ հողիդ մատաղ դարձար։ Ամեն անգամ նկարիդ նայելով և շիրմիդ ծաղիկները դնելով  սիրտս մղկտում է։ Այսօր էլ ահա այցելեցի քեզ՝ ծաղիկներ խոնարհելու։ Ծաղիկներ, որոնք թացացել են ոչ թե ցողից, այլ՝  արցունքներիցս։ 1 տարի է անցել, ինչ երկնքում ես, չկաս, մեզ հետ չես։ Թվում է՝ պարզապես գնացել ես ու էլի հետ կգաս, այդ հույսն է, որ ինձ ապրելու  իմաստ է տալիս ։

Կարոտը չգրված օրենքներից ամենասիրունն է։ Ես կարոտում եմ քեզ, աչքերդ, ժպիտդ, բառերդ ...ամեն ինչ շուրջս քեզ է հիշեցնում, ամեն տեղ ու ամենքի մեջ  միայն քեզ եմ փնտրում, միայն ու միայն քեզ։ Ես սիրում ու կարոտում եմ քեզ, որովհետև այս կյանքում դու ես պարգևել ինձ կյանքի ամենամեծ երջանկությունը ու ամենապայծառ հիշողությունները։ Դո՛ւ սովորեցրիր ինձ ապրել քեզանով, բայց...

...Եթե պիտի հեռանայիր, եթե պիտի անկատար թողնեիր սիրո  խոստումներդ,պիտի անպատասխան թողնեիր նամակներս ու սերս, ապա ինչու՞ քո անդիմադրելի թովչանքով գերեցիր ինձ։ Ինչու՞ հեռացար կյանքից...ինչու՞ թողեցիր ինձ մենակ...

Ա՜խ, ո՛չ ,դու իմ հերսն ես, և ոչ միայն իմ, այլ ողջ հայության ։

Նայի՛ր, նայի՛ր շուրջդ  և ինքդ կհամոզվես, որ այդպես է, նայի՛ր, այնտեղ զինակից ընկերներդ են, հրամանատարներդ, նայի՛ր այն մանչուկներին, որոնք թեկուզ փոքր, բայց զինվորական համազգեստով գոչում են .«Դու անմահ ես, զինվո՛ր ... Փառք ու պատիվ քեզ, հերո՛ս»։

Սվետլանա Պետրոսյան, լրագրություն, 2-րդ կուրս