Արցախի պետական համալսարան

Քաոս է սրտումս, հոգումս, քաոս` ամենուր, քաոս` նորածնի անմեղ աչքերում և այս աշխարհից անտեղյակ մանկան հայացքում, քաոս` ամբողջ երկրովս մեկ։ Քաոս է պատել...շուրջբոլորս թախիծ է` արցունքի հեղեղ... Կոտրել են հոգիս, զգայուն սիրտս։ Ինձնից խլել են խաղաղություն, ինձնից խլել են հայրենիք,ավերված տեղից փյունիկի նման մոխիրներից հառնող ազգիս ժպիտը...ինձնից խլել են մի մեծ տուն, հայի «ոսկի ձեռքերով» շինված և Թումանյանի երգերում խոսվող խրճիթ` «գետի եզերքին, ծառերի տակին»։

Խաղաղություն եմ ուզում, հոգիս հայրենյաց խաղաղության է տենչում, խաղաղություն են երգում շուրթերս, խաղաղություն է ուզում ազգս։ Աչքերս տեսնում են պարզկա երկինքը` կապույտ երանգով։ Ասում են՝ երկնի կապույտը խաղաղության խորհրդանիշ է, բայց չեմ կարողանում զգալ, տեսնել ու ապրել այդ խաղաղության մեջ։ Խաղաղությու՜ն...կարոտել եմ քեզ։ Կանչում եմ քեզ մեծ ցավով, թախծոտ աչքերով ու հպարտ հայացքով։

       Այո, հպարտ է հայացքս, քանի որ այդ հայացքիս մեջ պահում եմ հերոս որդոց բարի, անմեղ ու խիզախ կեցվածքները։ Խաղաղություն չեմ գտել...

     Կարոտս...«խաղաղություն» վեհ ու սուրբ անունն է կրում։ Հոգումս դաջված է. «կարոտս դու ես,, խաղաղություն», «տենչանքս դու ես, հայրենի՜ք...»

          Հպարտ եմ Արցախովս, հպարտ եմ, որ Արցախիս դուստրն եմ, հպարտ եմ, որ ունեմ Մռով ու Գանձասար, որ ունեմ Ամարաս։

Էլլա Ավագյան