Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 10-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի նախաձեռնությամբ ԱրՊՀ-ում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված 1991 թ. դեկտեմբերի 10-ի Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեին և 2006 թ. դեկտեմբերի 10-ին ԱՀ Սահմանադրության ընդունմանը: Կլոր սեղան-քննարկմանը հրավիրված էին  պատմական այդ կարևորագույն իրադարձությունների ականատես-մասնակիցներ պ.գ.դ, պրոֆեսոր Ստեփան Դադայանը, իրավագետ, պետական գործիչ Արարատ Դանիելյանը, ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ:

Ողջունելով ներկաներին՝ պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Նունե Սարումյանը շնորհավորել է ներկաներին օրվա առթիվ՝ խոսելով օրվա խորհրդի, հանրաքվեի անցկացման պատմաքաղաքական նախադրյալների, անհրաժեշտության և Սահմանադրության մասին:

«30 տարի առաջ այս օրը Ստեփանակերտում հրետակոծությունների տակ ու ծանր պայմաններում մեր ժողովուրդը «Այո» ասաց անկախությանը և ապա օրինական ճանապարհով վերահաստատեց  ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու մեր անբեկանելի երթը: Այսօր ստեղծված  քաղաքական իրավիճակում կարևոր ու արդիական է խոսել, վերհիշել, վերարժևորել մեր պատմական կարևորագույն իրադարձությունները, որը երիտասարդ սերնդի, մասնավորապես մեր ուսանողության համար դասի նշանակություն ունի»,-ասել է նա՝ հավելելով, որ երիտասարդ սերունդը պետք է իմանա մեր անցած պատմական ուղին, դասեր քաղի պատմությունից, առաջնորդվելով այդ դասերով՝ պահի ու պահպանի այն արժեքները, որոնք ժառանգել է ավագ սերնդից:

Կլոր սեղան-քննարկմանը ելույթ են ունեցել հրավիրված մասնագետները՝ հորդորելով չընկրկել դժվարությունների առաջ: