Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը, որի ընթացքում քննարկվել և հաստատվել են ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր և կանոնակարգեր:

Օրակարգի առաջին հարցով ոսումնական գործընթացի ընթացքի մասին տեղեղեկատվությամբ հանդես են եկել ֆակուլտետների դեկանները և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը: Ըստ տեղեկատվության՝ ուսումնական պարապմունքները և երկրորդ ընթացիկ ստուգումներն անցնում են բնականոն հունով, ըստ նախապես սահմանված ժամանակացույցի, արդյունավետ կառավարման շնորհիվ հաջողվել է հաղթահարել համավարակային իրավիճակով պայմանավորված խնդիրները և դասընթացները հասցնել ավարտին՝ համաձայն ուսումնական պլանի:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր 2021-2022  ուսումնական տարվա փորձուսուցման ժամանակացույցում  փոփոխություն կատարելուն: Հարցը ներկայացրել է պրոռեկտոր Գ. Սահակյանը: Ռեկտորատը քննարկել և գիտխորհրդի հաստատմանն է ներկայացրել առաջին կիսամյակում ուսումնական պլանով մանկավարժական փորձուսուցման  ժամակածավալում փոփոխություն կատարելու մասին հարցը և այն դարձնել երեք շաբաթ: Գիտխորհուրդը, քննարկելով հարցը, այն հաստատել է՝ հաշվի առնելով նաև համավարակի հետ կապված հանրակրթական դպրոցներում դասագործընթացի դադարեցման փաստը, որի պատճառով հնարավոր չի եղել տվյալ ժամանակահատվածում կազմակերպել մանկավարժական փորձուսուցումը:

ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի մասին հարցը գիտխորհրդին է ներկայացրել գիտքարտուղար Գայանե Մարգարյանը՝ տեղեկատվություն ներկայացնելով մրցույթի ընթացքի, փաստաթղթերի հանձնման և կանոնակարգով սահմանված այլ հարցերի մասին:

Նիստի օրակարգի մյուս հարցը կանոնակարգային փոփոխությունների և նոր կարգերի հաստատման մասին էր, որը ներկայացրել է պրոռեկտոր Գ. Սահակյանը: Պրոռեկտորը նիստի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացրել երկու փաստաթուղթ, որոնցից մեկը՝ ձևաթերթ, մյուսը գնահատման թերթիկ էր: Ըստ զեկուցողի՝ փաստաթղթերից մեկը միտված է ուսանողի կուրսային, ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության և գնահատման գործընթացն ավելի օբյեկտիվ ու արդյունավետ դարձնելուն, իսկ մյուսով կկանոնակարգվի դասախոսների դասալսման և գնահատման գործընթացը: Նշյալ փաստաթղթերը մշակվել են գիտխորհրդին կից գործող ուսումնամեթոդական հանձնաժողովի կողմից, ինչն ուղղված է ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելուն:

Այլ հարցերում գիտխորհուրդը քննարկել է տոն օրերով պայմանավորված աշխատաժամանակի, աշխատանքների կազմակերպման, ջեռուցման տնտեսման հետ կապված և հարակից այլ հարցեր: