Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 23-ին ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների, հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը խորհրդակցություն է անցկացրել ֆակուլտետների մեթոդիստների և ուսանողների հետ տարվող աշխատանքներով զբաղվող  ստորաբաժանումների աշխատակիցների հետ: Ամփոփելով անցնող տարին՝ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտորը խոսել է ձեռքբերումների և ոլորտում առկա խնդիրների մասին՝ նախանշելով առաջիկա անելիքներն ու խնդիրների լուծման ուղիները: Վ. Յարամիշյանը, խոսելով կանոնակարգով սահմանված գործառույթների իրականացման մասին, ընդգծել է, որ մեթոդիստը իր լիազորություններով պետք է ապահովի ուսանողների հետ տարվող աշխատանքների իրականացումը, նպաստի կիրառվող մեթոդների արդիականացմանը և անհատականացմանը, դաստիարակչական աշխատանքի ձևերի կատարելագործմանը, սովորողների անձնական, սոցիալական խնդիրների լուծմանը: 

Պրոռեկտորի կարծիքով ուսանողների հետ տարվող աշխատանքների ոլորտում առկա  խնդիրների որակյալ լուծման համար անհրաժեշտ է աշխատանքներ իրականացնել իրավասու ստորաբաժանումներում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման, ուսանողակենտրոն ուսուցման շրջանակներում ուսանողների միջավայրում տիրող իրավիճակի ուսումնասիրման ու վերլուծության, փոխգործակցության կազմակերպման, համալսարանի վարկանիշի բարձրացման, ուսանող-դասախոս հարաբերությունների կարգավորման, հասարակական ու այլ կառույցների հետ համագործակցության և հարակից այլ ուղղություններով:

«Անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել մեթոդամասնագիտական պատրաստվածության մակարդակը, փոխգործակցությունը, ստանձնած պարտականությունների իրականացման հանդեպ պատասխանատվությունը, հաշվետվողականությունը և հետադարձ կապը: Ուշադրություն դարձրեք` մեր գործունեության հիմնական սկզբունքներն են  ակտիվությունը, նպատակասլացությունը, համաձայնեցվածությունը, համակարգվածությունը, հաջորդականությունը, գործնականությունը, միասնականությունը, հոգատարությունը և հարգանքը մարդկանց նկատմամբ, անհատական-տարբերակված մոտեցումը, տեղեկացվածությունը ֆակուլտետի գործերին և խնդիրներին»,-դիմելով մեթոդիստներին՝ կարևորել է Վ. Յարամիշյանը և հանձնարարել հունվարի 10-ից մինչև 20-ը ներկայացնել բոլոր կուրսղեկների աշխատանքների գնահատականները` հաշվետվությունը, ուսանողների կողմից համապատասխան կարծիքների հաշվառմամբ, համագործակցել ուսանողական կառույցների հետ և ապահովել ուսանողական խորհուրդների համապատասխան հաշվետվությունները` բազմապատիկ թոշակների նշանակման առաջարկություններով, հունվար ամսվա կեսերին ՈՒՀՏԱ բաժին ներկայացնել բոլոր ուսանողների հասարակական ակտիվության գնահատականները` բաժնի հետ ճշտված ու դեկանի հետ համաձայնեցված: