Արցախի պետական համալսարան

Հունվարի 28-ին Արցախի պետական համալսարանում պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օլիմպիադա «Հայոց պատմություն» առարկայից: Օլիմպիադային մասնակցել  են հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների վեց տասնյակից ավելի աշակերտներ:

Օլիմպիադայի նախաձեռնող, պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհավորել է Հայոց բանակի օրվա առթիվ՝ խորհրդանշական համարելով հենց այդ  օրը «Հայոց պատմություն»-ից  օլիմպիադա  կազմակերպելը:

«Հայոց պատմությունն ուսումնասիրելն ու իմանալը բոլոր ժամանակներում էլ կարևոր է, կարևոր է հատկապես  անցյալի սխալներից դասեր քաղելու, սխալները շտկելու և ներկան ու ապագան ճիշտ կառուցելու առումով»,-ասել է Ն. Սարումյանը և կարևորել պատմաբանի մասնագիտությունը մեր օրերում սերունդների մեջ ազգային արժեհամակարգի ձևավորման ու ամրապնդման, ամենաբարդ ժամանակաշրջաններում  անգամ ազգային ինքնության պահպանման տեսանկյունից:

Նրա խոսքով՝ օլիմպիադայի հրավերը լայն արձագանք է գտել դպրոցականների և ուսուցիչների շրջանում, ինչն էլ փաստում է, որ հայոց պատմության հանդեպ սերն ու հետաքրքրությունը կենսունակ է՝ թեպետ քաղաքական վերջին զարգացումները փոքր-ինչ ազդել են մասնագիտության հեղինակությանը, ինչն էլ բացասաբար է անդրադարձել «Պատմություն» մասնագիտության այս տարվա դիմորդների թվի վրա: Սակայն, Ն. Սարումյանի խոսքով,  բուհ-դպրոց համագործակցության ակտիվացման,  հայոց  պատմություն առարկայի հանդեպ սեր և հետաքրքրություն առաջացնող համատեղ միջոցառումների արդյունքում կապահովվի արդյունավետություն առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

 Օլիմպիադան անց է կացվում թեստային եղանակով: Առաջադրված հարցերին պատասխանելու համար աշակերտներին կտրվի երեք ժամ, արդյունքները կամփոփվեն ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի պատմաբաններից կազմված հանձնաժողովի կողմից: Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն պատվոգրերով և արժեքավոր գրքերով: