Արցախի պետական համալսարան

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ ԱրՊՀ ուսանողների հետ հանդիպում է ունեցել ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու,  գնդապետ Սուրեն Սարումյանը և հանդես եկել դասախոսությամբ:

Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը նշել է, որ վերջին զարգացումներից հետո գուցե դժվար է արտաբերել «Բանակի տոն» արտահայտությունը, բայց  Բանակի օր հաստատ պետք է նշել՝ տեղի ունեցածը վերլուծելու, մտածելու և առաջ շարժվելու շարժառիթներով:

«Այն 30-ամյա պատմությունը, որն ունի մեր բանակն իր թիկունքում, եղել է և՛ հաղթանակների, և՛ ձեռքբերումների, և՛ կայացման, և՛ զարգացման տարիներ: Իհարկե, եղել են  այդ ընթացքում երբեմն դժվարություններ, ձախողումներ, մենք բոլորս գիտենք, թե ինչ կատարվեց, բայց դա չպետք է ընկճի, դա պետք է մեզ առիթ տա վերլուծելու, մեր կարողությունները վերագնահատելու և առաջ շարժվելու համար»,-նշել է Վ. Յարամիշյանը և շնորհակալություն հայտնել Ս. Սարումյանին՝ ԱրՊՀ ուսանողների հետ հանդիպելու հրավերն ընդունելու և դասախոսությամբ հանդես գալու համար:

Սուրեն Սարումյանը, խոսելով Հայոց բանակի ստեղծման պատմական նախադրյալների, առանձնահատկությունների և 30-ամյա ճանապարհի մասին, նշել է, որ Հայոց բանակի ստեղծումը պատմական անհրաժեշտություն էր, սխրանք,  որը որոշեց Արցախյան առաջին պատերազմի ելքը և մեր պետականության գոյությունն ու հետագա զարգացումը:

«Բանակը ժողովրդի հարազատ զավակն է, ինչպիսին հասարակությունն է, այնպիսինն էլ նրա բանակն է»,-նշել է նա՝  համոզմունք հայտնելով, որ  Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի գրավականը համախմբվածությունն էր և գիտակցումը, որ պատերազմը  հայրենական է, համաժողովրդական:

«21-րդ դարի պատերազմները ինտելեկտի պատերազմներ են: Հաղթանակը պետք է տանել նախ հակառակորդի մտքում, գիտակցական դաշտում: Մեր հաջողության գրավականն այն կլինի, երբ բոլորս կհասկանանք, որ մեր կռիվը գոյաբանական է, ու այդ կռիվը յուրաքանչյուրս պիտի տանենք մեր ոլորտում, մեր առջև դրված խնդիրների լուծմամբ , հենց այս պահին, հենց այստեղից, ուսանողը գիտելիք ձեռք բերելով ,  հացթուխը՝ հաց թխելով... Մեր ապագա հաղթանակների սկիզբը այսօր է դրվում»,-ընդգծել է բանախոսը՝ կարևորելով միասնականության անհրաժեշտությունը հաջողությունների հասնելու համար և նշելով, որ հասարակության մեջ պառակտում մտցնելը հիբրիդային պատերազմների մեթոդներից է, որին չպետք է տրվել:

Սուրեն Սարումյանը  պատասխանել է նաև ուսանողների հարցերին ու պատրաստակամությամբ ընդունել բուհում հաճախակի նմանատիպ հանդիպումներ ունենալու համալսարանականների առաջարկը: