Արցախի պետական համալսարան
Ամփոփվել են հունվարի 28-ին Արցախի պետական համալսարանում պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ «Հայոց պատմություն» առարկայից կազմակերպված օլիմպիադայի արդյունքները: Օլիմպիադային մասնակցել են հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների վեց տասնյակից ավելի աշակերտներ:
Օլիմպիադայում մրցանակային առաջին տեղը հավասար միավորներով կիսել են Մարիամ Օհանջանյանը և Անգելինա Մայիլյանը, երկրորդը՝ Քրիստինե Աղաջանյանը, երրորդը՝ Բելլա Հարությունյանը և Եվգենյա Թովմասյանը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները համալսարանի կողմից արժանացել են պատվոգրերի և գրքերի:
Օլիմպիադայի նախաձեռնող, պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի խոսքով՝ օլիմպիադան ոգևորություն է առաջացրել աշակերտների շրջանում և խթանել նրանց հետաքրքրությունը «Հայոց պատմություն» առարկայի հանդեպ:
«Օլիմպիադան կայացել է՝ սպասվածից ավելի մեծ թվով մասնակցություն արձանագրելով, ունենք հայոց պատմությամբ հետաքրքրվող և առարկան լավ յուրացնող աշակերտներ: Հետագայում նախատեսում ենք ավելի ակտիվացնել բուհ-դպրոց համագործակցությունը, համագործակցել ուսուցիչների հետ՝ օլիմպիադայի հարցաշարերը համապատասխանեցնելով հանրակրթական դպրոցի ծրագրին»,-նշել է Ն. Սարումյանը՝ հավելելով, որ դպրոցների ուսուցիչների և տնօրենների կողմից առաջարկություն է հնչել պարբերական դարձնել օլիմպիադաների կազմակերպումը, ինչը պատրաստակամությամբ է ընդունվել պատմության և քաղաքագիտության ամբիոնի կողմից: