Արցախի պետական համալսարան

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ «Հեռակա ուսուցման համակարգի դժվարությունները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով, որին մասնակցում էին ֆակուլտետի և ամբիոնի մասնագետներ, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներ:

Քննարկման մասնակիցներին առաջադրված հարցերը վերաբերում էին այնպիսի թեմաների, ինչպիսիք են ուսումնառության տարիներին ծագած դժվարությունները և հաղթահարման ուղիները, հեռակա ուսուցման համակարգի առավելություններն ու թերությունները՝ առկայի համեմատությամբ, առաջարկություններ այդ հարցերի շուրջ, ինչպե՞ս են ուսանողները հաղթահարել հայրենազրկման հետ կապված սոցիալ-կենցաղային, սոցիալ-հոգեբանական խնդիրները, ի՞նչ կարող է նրանց կարիքների համար կատարել պետությունը, համալսարանը, շրջապատի մարդիկ, ի՞նչ հեռանկար են տեսնում Արցախում բնակվելու, աշխատելու, հայրենի տուն վերադառնալու առումով: Քննարկման ընթացքում իրենց տեսակետներն ու առաջարկություններն են ներկայացրել դասախոսներ և ուսանողներ:
«Նման քննարկում հրավիրելու նպատակն էր օգնել հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողներին արդյունավետ ներգրավել համալսարանական կյանքին, ուսումնասիրել նրանց հուզող հարցերը, գտնել լուծումները: Ուսանողների կողմից հնչել են առաջարկություններ, որոնք ընդունվել են ի գիտություն, դրանք կուսումնասիրվեն, կընթացքավորվեն, ինչն էլ կնպաստի ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Նրանց հուզող հարցերը տարբեր ոլորտներից էին՝ ուսումնական գործընթացից մինչև սոցիալ-կենցաղային»,-ամփոփելով քննարկման արդյունքները՝ նշել է քննարկման նախաձեռնողներից ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:
Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանի խոսքով՝ միջոցառումը հասավ իր նպատակին, քանի որ քննարկման արդյունքում ուսանողների կողմից հնչել են առաջարկություններ, որոնք հետագայում նախատեսում են հաշվի առնել ուսումնական գործընթացը կազմակերպելիս:
«Առաջին անգամ ենք հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հետ նման քննարկում կազմակերպում՝ ուսուցման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Գտնում եմ, որ այն անհրաժեշտություն է ու պահանջված»,-նշել է Շ. Այդինյանը՝ հավելելով, որ նման միջոցառումները պետք է դարձնել պարբերական: