Արցախի պետական համալսարան

Փետրվարի 3-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտական խորհրդի նիստ, որին ներկա էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը: Գիտխորհուրդը քննարկել և հաստատել է ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր, ի գիտություն ընդունել ստորաբաժանումների տեղեկատվությունները, տպագրության երաշխավորել ուսումնամեթոդական ձեռնարկ, ՀՀ ԲՈԿ-ի վավերացմանը ներկայացրել դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին որոշումը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը արդյունավետ գործունեություն է մաղթել համալսարանականներին՝ 2022 թ. գիտխորհրդի առաջին նիստը մեկնարկելով անցնող տարվա ձեռքբերումներն ամփոփելով ու խնդիրների շուրջ լուծման ուղիներ նախանշելով: Նրա խոսքով՝ անցնող տարին առանձնահատուկ էր և՛ շոշափելի ձեռքբերումներով, և՛ խնդիրներով, որոնց համար կարողացել են համատեղ ուժերով օպտիմալ լուծումներ գտնել:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ողջունելով ներկաներին, խոսել է բարձրագույն կրթության ոլորտում առաջիկա անելիքների մասին՝ տեղեկացնելով, որ առաջիկայում ՀՀ ԳԱԱ հետ համատեղ նախատեսվում է կազմակերպել երկու գիտաժողով՝ հայագիտության և բնական գիտությունների ուղղությամբ, որին կարող են մասնակցություն ցուցաբերել նաև ԱրՊՀ մասնագետները: Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է նաև թվայնացնել բուհերի տվյալները, ինչի շնորհիվ կապահովվի բուհական գործունեության թափանցիկությունը, ուսանողների ակադեմիական շարժը (բուհից բուհ տեղափոխվելը), ինչը կնպաստի բուհերում ստվերային երևույթների վերացմանը:
Գիտխորհրդի նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին, որը ներկայացրել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը: Ըստ տեղեկատվության՝ 2-րդ կիսամյակի պարապմունքներին ընդառաջ իրականացվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ ֆակուլտետների դեկանները հաստատման են ներկայացրել դասացուցակները, կատարվել են լսարանների տեղաբաշխման աշխատանքները, աշխատանքներ են ընթանում ուսումնական նյութերը էլեկտրոնային ուսուցման հարթակում ևս ներբեռնելու ուղղությամբ: 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի պարապմունքները կմեկնարկեն փետրվարի 7-ից՝ երկհերթ եղանակով: Առաջին հերթով կկազմակերպվեն բանասիրական, մանկավարժության և սպորտի ֆակուլտետների, իսկ երկրորդ հերթով՝ տնտեսագիտության, բնագիտական, պատմության և իրավագիտության ֆակուլտետների պարապմունքները:
Օրակարգի հաջորդ հարցը հեռակա ուսուցման համակարգի ուսումնական գործընթացի արդյունքների և քննաշրջանի ընթացքի մասին էր, որը ներկայացրել են ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը և ֆակուլտետների դեկանները: Համաձայն տեղեկատվության՝ հեռակա ուսուցման համակարգի ուսումնական գործընթացն անցել է բնականոն հունով՝ ըստ նախապես հաստատված պլանի: Ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ պրոռեկտորը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումներին:
ԱրՊՀ 2022-2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մասնագիտությունների և կրթական ծրագրերի նախատեսվող տեղերի ցանկը լիազոր մարմին ներկայացնելու մասին օրակարգային հարցը ներկայացրել է ռեկտոր Արմեն Սարգսյանը: Գիտխորհուրդը քննարկել և հաստատել է հարցը՝ լիազոր մարմին ներկայացնելու համար:
Գիտխորհուրդը քննարկել, ի գիտություն է ընդունել և հաստատել 2021-2022 ուսումնական տարվա մագիստրոսական թեզերի (հեռակա ուսուցման համակարգ) պաշտպանության արդյունքների մասին, ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների մրցույթի արդյունքների մասին հարցերը, տպագրության երաշխավորել մեկ ուսումնամեթոդական ձեռնարկ, հաստատել ՀՀ ԲՈԿ-ի վավերացմանը ներկայացնելու Աննա Ստեփանյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին որոշումը: