Արցախի պետական համալսարան

Փետրվարի 9-ին ԱրՊՀ-ում համալսարանի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների հետ հանդիպում է ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Արցախի տարածաշրջանային տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, ներկայացրել կրթական հիմնադրամի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, հանդես եկել ԱրՊՀ-ի հետ համագործակցությունն ակտիվացնելու առաջարկությամբ:

«Հինգերորդ տարին է՝  «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Արցախում է և այս ընթացքում տարբեր խնդիրների շարքում կարմիր թելի պես ձգվում է բնագիտական ուղղվածությամբ ուսուցիչների պակասը: Այս խնդրի լուծման ուղղությամբ կրթական հիմնադրամը տարբեր արդյունավետ ծրագրեր է իրականացրել: ԱրՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում այս տարիների ընթացքում  հիմնադրամ դիմել է ընդամենը 80 շրջանավարտ»,-նշել է Արմեն Հովհաննիսյանը՝ վիճակագրական տվյալների համեմատական ցուցանիշների համատեքստում ոչ ակտիվ գնահատելով ԱրՊՀ-ից հիմնադրամի դիմորդների ցուցանիշը և առաջարկել համալսարանականներին ուսանողների շրջանում բարձրացնել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրերի մասին իրազեկվածության աստիճանը:

Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է նաև հիմնադրամի նոր ծրագիրը՝ վճարվող պրակտիկա, և առաջարկել ներգրավել ուսանողներին:

 «Մեր նպատակն է գտնել տաղանդավոր անհատների և նրանց պատրաստել որպես կրթական հնարավորությունների հավասարության նվիրյալներ։ Աշխատանքային պրակտիկան այս նպատակի մի բաղադրիչն է։ Վճարվող պրակտիկան «Դասավանդի՛ր, Հայաստան»-ում բուհական ավարտական կուրսերի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար հնարավորություն է մասնակցելու մեր գործունեությանը։ Պրակտիկանտները ներգրավվելու են մեր բոլոր բաժիններում։ Մեզ անհրաժեշտ են պրակտիկանտներ ուսումնական տարբեր բնագավառներից։ Մեզ մոտ պրակտիկանտները վճարվում են ամսական 100,000 ՀՀ դրամի չափով (համախառն)։ Պրակտիկան մեկնարկում է հունվարին և ավարտվում հունիսին։ Ծրագրի ավարտին պրակտիկանտներին առաջարկվում է միանալ մեր Առաջնորդության զարգացման ծրագրին»,-նշել է նա՝ հավելելով, որ նախատեսում են  ընդունել 10-ից 20 պրակտիկանտի, որոնք կներգրավվեն տարբեր բաժիններում։ Ծրագրի մասին մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել այստեղ.