Արցախի պետական համալսարան

Փետրվարի 15-ին գումարվել է ԱրՊՀ խորհրդի նիստ, որի ընթացքում ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է 2020-2021 ուստարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվություն։

Նիստի օրակարգի առաջին հարցով ԱրՊՀ խորհրդի նախագահ է ընտրվել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Խորհրդի նորընտիր նախագահ Ա․ Բեգլարյանը, շնորհակալություն հայտնելով նախորդ նախագահին ու խորհրդի անդամներին կատարած աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել բուհի կրթության արդյունավետության բարձրացմանը, որակի շարունակական բարելավմանը, համագործակցային շրջանակների ընդլայնմանը։
Օրակարգի հաջորդ հարցով ԱրՊՀ ռեկտորը, ըստ բնագավառների, ներկայացրել է անցած ուստարում կատարած աշխատանքները կրթական, գիտական, միջազգային համագործակցության, ուսանողների հետ տարվող աշխատանքների, ֆինանսատնտեսական ուղղություններով։
Ռեկտորի խոսքով՝ 2020 թվականի մարտահրավերները մեծապես վնասել են նաև կրթական համակարգը։ Դժվարությունները նախ համավարակով, ապա՝ 44-օրյա պատերազմով էին պայմանավորված։ Հեռավար կրթության կազմակերպման ուղղությամբ որպես արձանագրված հաջողություն ռեկտորն առանձնացրել է Google For Education էլեկտրոնային հարթակի ներդրումը, որը հնարավոր դարձրեց ճգնաժամի պայմաններում արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը։ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020 թ․ դեկտեմբերի 1-ին, բուհում անցումը ավանդական ուսուցման նպաստեց արագ ինքնակազմակերպման և բնականոն կյանքի վերականգման։
«Հաշվետու տարում Արցախի պետական համալսարանը հաջողությամբ անցել է որակի արտաքին հավաստման գործընթացը և արժանացել ինստիտուցիոնալ հավատարմագրման՝ 4 տարի ժամկետով: ԱրՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը կազմակերպել և համակարգել է ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը 2021թ. մարտի 9-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում»,-որպես գլխավոր ձեռքբերում նշել է ռեկտորը:
Կրթական գործունեության ուղղությամբ, ռեկտորի խոսքով, հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մասնագիտական կրթական ծրագրերի վերլուծություն և արդիականացում, հաստատվել են նաև նորերը: Այդ ընթացքում Արցախի մայր բուհը մասնագետներ է պատրաստել բակալվրիատի 19 ու մագիստրատուրայի 20 կրթական ծրագրերով` 5 ֆակուլտետի և 16 ամբիոնի միջոցով, 2020-2021 ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 1960, մագիստրատուրայի ուսանողների թիվը՝ 315, ասպիրանտների թիվը՝ 19։
Գիտական գործունեության բնագավառում ևս կատարվել են աշխատանքներ։ ԱրՊՀ-ում ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում խթանելու համար ներդրվել է «Հետազոտության պլանավորում» առարկան. բոլոր առարկաների շրջանակներում ուսանողները ինքնուրույն աշխատանքներ են իրականացնում:
Տարվա ընթացքում ԱրՊՀ-ում դասախոսների և ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել են առցանց գիտաժողովներ, տարաբնույթ գիտական քննարկումներ և ընթերցումներ:
«Ուսումնական տարվա ընթացքում հրատարակվել է «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» հանդեսը` հասարակական և բնական ուղղություններով: Համալսարանի դասախոսները հրատարակել են 113 գիտական աշխատանք, որից 8 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ, 1 ուսումնամեթոդական ձեռնարկ, 102 հոդված»,-ընդգծել է ռեկտորը՝ առանձնակի կարևորելով նաև ԱրՊՀ գիտխորհրդի որոշմամբ հիմնադրված «Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարը, որի 4 հատորները հրատարակվել են հաշվետու ժամանակաընթացքում:
Միջբուհական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներից խոսելով՝ ռեկտորը նշել է, որ առ այսօր ԱրՊՀ-ն համագործակցության պայմանագրեր ունի արտերկրի, ՀՀ և ԱՀ շուրջ 50 բուհերի, գիտական և այլ կառույցների հետ։
«ԱրՊՀ գործունեության առանցքային դրույթը շարունակում է մնալ ուսանողների հանդեպ պատասխանատվությունը: Պատերազմի ժամանակ ԱրՊՀ քսանվեց ուսանողներ նահատակվել են` իրենց կյանքի գնով ապահովելով մեր ապրելու հնարավորությունը: Հետպատերազմական շրջանում մայր բուհի ղեկավարությունը զգալի ջանքեր է գործադրել համալսարանական գործունեությունը բնականոն հունի մեջ վերադարձնելու ուղղությամբ»,-նշել է ռեկտորը՝ ներկայացնելով ուսանողների հետ տարվող ախատանքների ուղղությամբ կատարված տարաբնույթ միջոցառումները։
Բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում եղել ու մնում են համալսարանականների սոցիալական վիճակի բարելավման հարցերը:
Միջոցառումներ են ձեռնարկվել առավել կարիքավոր ուսանողներին և աշխատակիցներին նյութական աջակցություն ցույց տալու ուղղությամբ, վերանորոգման լուրջ աշխատանքներ են տարվել ուսանողական հանրակացարանում:
Ռեկտոր Արմեն Սարգսյանը համալսարանի գործունեության նկատմամբ հոգատարության և բարձրացված խնդիրների լուծման, գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման համար շնորհակալություն է հայտնել ԱՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններին։
Ռեկտորի հաշվետվությունը գնահատվել է բավարար։
Օրակարգի հաջորդ հարցով ԱրՊՀ հաշվապահական հաշվառման բաժնի պետ Նարինե Գրիգորյանը ներկայացրել է հաշվետվություն 2021 ֆինանսական տարվա արդյունքների մասին, հաստատվել է 2022 թ․ ծախսերի նախահաշիվը։
Այլ հարցերում նիստը քննարկել է բարձրագույն կրթության զարգացմանը, բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր։