Արցախի պետական համալսարան

Փետրվարի 24-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ռուսաց լեզվի դասավանդման առանձնահատկությունները բուհում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին հրավիրված էին ԱրՊՀ, Մեսրոպ Մաշտոց և Գրիգոր Նարեկացի համալսարաններում ռուսաց լեզու դասավանդող  մասնագետներ:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Ինգա Հակոբյանը հանդես է եկել դասախոսությամբ՝  կարևորելով  ռուսերենի դերն ու նշանակությունը, դասավանդման մեթոդների արդիականացման անհրաժեշտությունը:

Մասնագետները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում  էին ուսանողների մասնագիտական պատրաստվածության  աստիճանի բարձրացմանը, տարբեր ֆակուլտետներում մասնագիտական կողմնորոշմամբ  պայմանավորված լեզվամշակութային ասպեկտավորված դասավանդմանը:

Քննարկման արդյունքում դասախոսները  եզրահանգել են, որ անհրաժեշտ է բոլոր ֆակուլտետներում ավելացնել ռուսերենի դասավանդմանը հատկացվող ժամաքանակը, որպեսզի հնարավոր լինի պատրաստել ռուսերենի բարձր իմացությամբ  մասնագետներ՝ բոլոր մասնագիտությունների գծով:

«Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիրը բանասիրական ֆակուլտետի ռազմավարության իրացման կարևոր ծրագրերից մեկն է և լիովին համապատասխանում է ԱրՊՀ առաքելությանը: Լինելով ԱրՊՀ առաջնային մասնագիտություններից՝ այն մասնագիտական բարձր պատրաստականությամբ մասնագետների պատրաստմամբ նպաստել է մասնագիտության դրական վարկանիշի ձևավորմանը և ապահովել այդ վարկանիշի պահպանման շարունակականությունը մինչ այսօր:

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությունը սպասարկող ամբիոնն ունի գիտամեթոդական անհրաժեշտ որակներ ունեցող դասախոսական կազմ՝ բանասիրական գիտությունների թեկնածուներ, մանկավարժական գիտությունների  թեկնածուներ, ամբիոնի դասախոսական կազմի 50 տոկոսն ունի գիտական աստիճան: