Արցախի պետական համալսարան

Փետրվարի 14-ից 18-ը Արցախի պետական համալսարանի լրագրություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողները փորձուսուցում են անցել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` գլխավոր խմբագիր Արմեն Սարգսյանի ղեկավարությամբ:

Փորձուսուցումը սկսվել է Հանրային ռադիո այցից, որտեղ ուսանողները «Ռադիո Արևիկ»-ի (Հանրային ռադիոյի մանկապատանեկան ալիք) ղեկավար Կարինե Գևորգյանի ուղեկցությամբ ծանոթացել են Հանրային Ռադիոյի բաժիններին: Ներկա են եղել ձայնագրությունների արխիվացման, թվայնացման գործընթացներին, այցելել են երաժշտության ձայնագրման ստուդիա և ներկա եղել ձայնագրման գործընթացին, հանդիպել են երգիչ, կոմպոզիտոր Ռուբեն Մաթևոսյանի հետ:

Ռուբեն Մաթևոսյանի հետ

Ուսանողները ծանոթացել են Հանրային ռադիոյի լրատվական բաժնի աշխատանքներին, այցելել ուղիղ եթերի նկարահանման ստուդիա:

Հանրային ռադիոյի ուղիղ եթերի նկարահանման ստուդիայում

Հանրային ռադիո այցն ավարտվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ հանդիպմամբ, ով ուսանողներին ներկայացրել է խորհրդի մասին կանոնակարգը, գործառույթները, պատասխանել ուսանողներին հուզող հարցերին:

Հաջորդող օրերին ուսանողները  ծանոթացել են Հանրային հեռուստաընկերության արխիվին, հաղորդումների արխիվացման գործընթացին, տաղավարներին: Ներկա են եղել  ֆիլմերի կրկնօրինակման գործընթացին, «Առավոտ լուսո», «Առողջ ապրելակերպ» հաղորդումների նկարահանումներին:

Ուսանողները` «Առավոտ լուսո»-ի տաղավարում

«Առավոտ լուսո» հաղորդման պրոդյուսեր Աննա Գալստյանն ու «Առողջ ապրելակերպ»-ի պրոդյուսեր Զարա Մինասյանը ուսանողներին ծանոթացրել են հաղորդումների նախապատրաստական, ռեժիսորական աշխատանքներին:

Ուսանողները հանդիպումներ են ունեցել նաև Հանրային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Հարություն Սեմերջյանի, «Սպասիր ինձ» հաղորդման պրոդյուսեր Գոռ Պետրոսյանի հետ, որոնք կիսվել են իրենց անցած ուղիով, տվել մասնագիտական խորհուրդներ:

Գլխավոր ռեժիսոր Հարություն Սեմերջյանի հետ քաղաքական տաղավարում

Հանրային հեռուստաընկերությունում փորձուսուցման շրջանակներում ուսանողները այցելել են նաև «Առավոտ» օրաթերթի խմբագրություն, որտեղ հանդիպել են լրագրողներ Գոհար Հակոբյանի, Նելլի Դանիելյանի, խմբագիր Մելանյա Բարսեղյանի հետ, որոնք ներկայացրել են իրենց խմբագրության էթիկայի վարքականոնը, պատասխանել ուսանողներին հուզող հարցերին, տվել մասնագիտական խորհուրդներ:

Փորձուսուցումն ավարտվել է Հետք մեդիա գործարան այցով:

 

                                                            

Հետք Մեդիա գործարանի լսարանում, լուսանկարները` Հետք մեդիա գործարանի

Ուսանողները ներկա են եղել «Հետաքննական լրագրություն» առարկայի դասընթացին, որը վարում էր «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Ուսանողներից Մարիամ Օհանջանյանի խոսքով` չնայած երևանյան փորձուսուցումը կարճատև էր, բայց բավական հագեցած ու արդյունավետ անցավ. «Ես տպավորված եմ ջերմ ընդունելությամբ, թիմային աշխատանքով: Ամեն մի հանդիպմանը սովորում էինք հմուտ մասնագետներից, որոնք իրենց խորհուրդներով ոգեշնչում էին մեզ` որպես մասնագետ կայանալու հարցում: Շնորհակալ եմ Արցախի պետական համալսարանին` այս բացառիկ հնարավորության համար»:

Հանրային ռադիոյի սրահում: Պատից կախված նկարներում Հանրային ռադիոյում հյուրընկալված հանրահայտ դեմքերն են: