Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ ուսումնական պլանի համաձայն  ավարտական կուրսերի 6 մասնագիտական խմբերում նախատեսված 8 շաբաթ տևողությամբ փորձուսուցման շրջանը մոտեցավ ավարտին: Փետրվարի 7-ից մեկնարկած փորձուսուցումը ընթացավ երկու փուլով՝ ուսումնական և արտադրական:

Մարտի 31-ին, «Լրագրություն» 4-րդ կուրսի  ուսանողները  հաշվետվությամբ ներկայացրել են փորձուսուցման արդյունքները, որին ներկա էին փորձուսուցման բաժնի, ժուռնալիստիկայի և գրականության ամբիոնի ներկայացուցիչները, «Լրագրություն» մասնագիտությամբ սովորող կրտսեր խմբերի  ուսանողներ:

ԱրՊՀ փորձուսուցման բաժնի պետ Անուշ Հայրապետյանի խոսքով՝ փորձուսուցումը կազմակերպվել է պատշաճ մակարդակով, գործընթացը տարեցտարի բարելավելու նպատակով ձեռնարկվում են քայլեր, և յուրաքանչյուր տարի հաշվի են առնվում նախորդ տարիներին նկատված խնդիրներն ու առաջարկությունները:

«Լրագրություն» մասնագիտության ուսանողները արտադրական փորձուսուցումն անց են կացրել ԱՀ Հանրային հեռուստառադիոընկերությունում՝ չորս շաբաթ, «Ազատ Արցախ» թերթի խմբագրությունում՝ երեք շաբաթ, «Artsakhpress.am» լրատվական գործակալությունում՝ մեկ շաբաթ: Ուսանողներին հնարավորություն է տրվել մեկ շաբաթով փորձուսուցում անցնել նաև ՀՀ-ում:

Փորձուսուցման մասնակից ուսանողուհի Սիրանուշ Ադամյանը ներկայացրել է հաշվետվություն ՀՀ-ում և ԱՀ-ում անցկացված փորձուսուցման մասին:

«ՀՀ-ում մեր փորձուսուցումը սկսվել է Հանրային ռադիո այցից, որտեղ ծանոթացել ենք Հանրային ռադիոյի լրատվական բաժնի աշխատանքներին, այցելել ուղիղ եթերի նկարահանման ստուդիա: Հաջորդող օրերին  ծանոթացել ենք Հանրային հեռուստաընկերության արխիվին, հաղորդումների արխիվացման գործընթացին, ներկա եղել  ֆիլմերի կրկնօրինակման գործընթացին, հաղորդումների նկարահանումներին, այցելել նաև «Առավոտ» օրաթերթի խմբագրություն: Փորձուսուցումն ավարտվել է Հետք մեդիա գործարան այցով»,-մասնավորապես նշել է Սիրանուշ Ադամյանը՝ հավելելով, որ այցն ուղեկցվել է հետաքրքիր հանդիպումներով, ուսուցողական թեմաներով դասախոսություններով, վարպետաց դասերով:

Ուսանողուհի Համեստ Մկրտչյանը, կիսելով իր տպավորությունները, կարևորել է փորձուսուցման նշանակությունը ուսումնառության տարիներին ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և ամրապնդելու,  մասնագիտական ոլորտում առաջին քայլերն անելու տեսանկյունից: ՀՀ փորձուսուցման մասին մանրամասն՝ այստեղ:

Ուսանողների փորձուսուցումը ղեկավարում էին ՀՀ-ում՝  Արմեն  Սարգսյանը, իսկ ԱՀ-ում՝ Սամվել Բալայանը:

Որպես փորձուսուցման ղեկավար՝ ժուռնալիստիկայի և գրականության ամբիոնի դասախոս, լրագրող Սամվել Բալայանը գոհունակություն է հայտնել ուսանողների պատրաստվածությունից՝ նշելով, որ հատկապես վերջին տարիներին Արցախի մայր բուհը կարողանում է  «Լրագրություն» մասնագիտությամբ լավագույն կադրեր պատրաստել, ինչի վկայությունն էլ Արցախի Հանրապետության տարբեր ԶԼՄ-ներում աշխատող ԱրՊՀ շրջանավարտ լրագրողներն են, ովքեր հաջողությամբ են իրականացնում իրենց մասնագիտական գործունեությունը:

Ամփոփելով փորձուսուցման հաշվետվությունը՝ ժուռնալիստիկայի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նոնա Դավթյանը նշել է, որ «Լրագրություն» մասնագիտությունը միշտ էլ կարևորվել և կարևորվելու է ԱրՊՀ ղեկավարության կողմից:

«Ողջունելի է, որ փորձուսուցումը հնարավորություն ընձեռեց մեր ուսանողներին՝ բացահայտելու իրենց մասնագիտական ներուժը, և այս ընթացքում փորձուսուցման մասնակից մեր երեք ուսանողներ աշխատանքի առաջարկ են ստացել տարբեր ԶԼՄ-ներից»,-նշել է Ն. Դավթյանը՝ շնորհակալություն հայտնելով փորձուսուցման ղեկավարներին, գործընկեր ԶԼՄ-ներին և ուսանողներին նվիրել Ատեփանակերտի մամուլի ակումբի կողմից հրատարակված «Մեդիագրագիտություն» ձեռնարկը:

Ուսանողների անունից փորձուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար ԱրՊՀ ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել ուսանողուհի Մարթա Հարությունյանը: