Արցախի պետական համալսարան

Կոնֆերանս Մոսկվայում

Ապրիլի 19-20 Մոսկվայում՝ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում կայացավ <<Բարձրագույն դպրոց. փորձ, հիմնախնդիրներ, հեռանկարներ>> թեմայով 5-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որին հրավիրվել և մասնակցել են Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը և ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանը:

Ստեփան Դադայանը պլենար նիստին ելույթով հանդես է եկել <<ԱրՊՀ դերն ու տեղը ԼՂՀ միասնական գիտակրթական  և մշակութային տարածքում>> թեմայով: Արցախի մայր բուհի ղեկավարությանը հաջողվել է համագործակցության պայմանագիր կնքել Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի հետ, որով նախատեսվում են կազմակերպել փոխադարձ այցելություններ, հանդես գալ դասախոսություններով: Այս շրջանակներում ԱրՊՀ-ն արդեն իսկ ստացել է առաջին հրավերը՝ մայիսի 24-25-ը նույն համալսարանում կայանալիք՝ <<Անհատի ինքնիրացումը միջմշակութային տարածության մեջ>> թեմայով գիտաժողովին մասնակցելու համար: Արցախի ներկայացուցիչները եղել են նաև ՌԴ Սարատով քաղաքի պետական համալսարանում: Երկու համալսարանների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նույնպես համագործակցության համաձայնագիր ստորագրելու մասին: Իսկ Սարատովի պետական համալսարանի բանասիրության և լրագրության ֆակուլտետում խոստացել են մասնակցել աշնանը Արցախում կայանալիք գիտաժողովին: Ստեփան Դադայանը հարցազրույց է տվել Սարատովի հեռուստատեսությանը: Նման այցերը, բնականաբար, նոր հեռանկարներ են բացում Արցախի մայր բուհի առաջ: