Արցախի պետական համալսարան

Ապրիլի 27-ին, ԱրՊՀ-ում տեղի է ունեցել «Արդի պայմաններում կրթության ոլորտում հոգեբանական աշխատանքի առաջնահերթ ուղղությունները» թեմայով գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցում էին նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ նախագահի խորհրդականներ, ԿԳՄՍ նախարարության, դպրոցների ներկայացուցիչներ, հոգեբան մասնագետներ տարբեր կառույցներից, համալսարանականներ։

Ողջունելով ներկաներին՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը կարևորել է կոնֆերանսի նշանակությունը՝ ընդգծելով պատերազմից և կորուստներից հետո ազգային ոգին ամրապնդելու, համախմբվելու և ազգային գաղափարախոսությունը վերակերտելու անհրաժեշտությունը, ինչին, նրա խոսքով, նպաստում են նաև նման գիտագործնական կոնֆերանսները։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն իր ողջույնի խոսքում անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո կրթական բնագավառում հետպատերազմական խնդիրների հաղթահարման, բուհում կրթական կյանքի վերակազմակերպման, բնականոն ընթացքի ապահովման դժվարություններին, ինչին, նրա խոսքով, նպաստել են նաև հոգեբանների աշխատանքները, այդ թվում նաև՝ ռուս խաղաղապահների հոգեբանների ներգրավմամբ։
Ռեկտորը բարձր է գնահատել ԱրՊՀ «Հոգեբանական» կրթական ծրագրի իրացումը՝ այն համարելով բուհի առաջատար մասնագիտություններից մեկը, որը հատկապես վերջին տարիներին արձանագրում է դիմորդների մեծ թիվ։
ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը կարևորել է կոնֆերանսի գիտական և գործնական բաղադրիչների առկայությունը։
«Արցախում ապրող արցախցիները շարունակում են ապրել լիարժեք կյանքով՝ զարգացնելով գիտությունը, մշակույթը, կրթությունը և մյուս ոլորտները։ Արցախում ապրող 37-ամյա երիտասարդը, ով արդեն մասնակցել է երեք պատերազմի, շարունակում է ծառայությունն իր հայրենիքին՝ ապրելով լիարժեք կյանքով։ Այս երևույթը որպես փորձ միջազգային մակարդակում ներկայացնելու դեպքում կարող է իր աննախադեպությամբ շոկային թվալ նույնիսկ, բայց ոչ արցախցու պարագայում»,-նշել է նա իր ոջույնի խոսքում։
ԱՀ նախագահի խորհրդական, հոգեբան Լուսինե Ղարախանյանն անդրադարձել է ներառական կրությանը՝ նշելով․ «Ներառական կրթությունը խարսխված է հստակ, իրավահավասար իրավունքների վրա, ոչ թե՝ խղճահարության կամ մարդասիրության։ Յուրաքանչյուրս պետք է ամեն ինչ անենք, որ կրթական համակարգում հոգեբանական ծառայությունները լիարժեք իրականացվեն։ Յուրաքանչյուրը պետք է ունենա ապրումակցման, սոցիալական համերաշխության իր քարտեզը։ Պատերազմից հետո մենք պահում ենք մեր դիմադրողականությունը, հավատում եմ, որ բարձրացնելու ենք մեր ապրումակցման, սոցիալական համերաշխության ցուցիչները, և դա լինելու է նաև կրթական համակարգի ու սեփական պատասխանատվության զգացման շնորհիվ, որպեսզի փրկենք մեր գալիքը»,-նշել է Լ․ Ղարախանյանը։
Կոնֆերանսին զեկուցումներով հանդես է եկել հ․գ․թ․, դոցենտ Վիտյա Յարամիշյանը «Դպրոցական հոգեբանության պարադոքսները» թեմայով։
Ոլորտի խնդիրներից մասնագետը առանձնացրել է գնահատման համակարգը, սովորողների ցածր մոտիվացիան, ծնողների հետ տարվող աշխատանքների թույլ կապը և առաջադրել լուծման իր տարբերակները․ ծնողների հետ դպրոցների հոգեբանների աշխատանքների ակտիվացում, դպրոցների հոգեբանների ազդեցության մեխանիզմների ընդլայնում, գնահատման համակարգում արտաքին գնահատումը դարձնել «ներքին» գնահատում և սովորողների մոտիվացիան բարձրացնելու համար՝ ուսուցման հետաքրքրվածություն, մատչելիություն և գործնականություն սկզբունքների համադրելիություն։
«Արդի պայմաններում կրթությանը հարաբերվող խնդիրները քննելիս պետք է հաշվի առնել մի շարք վճռորոշ՝ արտակրթական և կրթական գործոններ։ 21-րդ դարում բոլոր խնդիրների հիմքում ընկած է հասարակական պահանջմունքի զարգացման կամ հարափոփոխ միջավայրի հարցը, որի լուծման համար կրթագիտությունն առաջարկում է շարունակական (հարատև) կրթության մոդելը»,-նշել է ԱրՊՀ ՈԱԿ պետ Շուշանիկ Սաղյանն իր «Կրթության շարունակականություն և շարունակական կրթություն» թեմայով զեկուցման մեջ։
Զեկուցումներով հանդես են եկել նաև դպրոցների ներկայացուցիչներ՝ տնօրեն, ուսուցիչ, հոգեբան-մասնագետներ, դասախոսներ, ոլորտին առնչվող մասնագետներ, ուսանողներ, ովքեր բարձրաձայնել են բնագավառի խնդիրներ, մատնանշել դրանց լուծման ուղիներ։
Կոնֆերանսն ամփոփվել է մտքերի փոխանակությամբ ու քննարկումով։