Արցախի պետական համալսարան
Մայիսի 12-ին ԱրՊՀ-ում մեկնարկել է 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովը, որին մասնակցում են 125-ից ավելի պատվիրակներ Արցախի և ՀՀ առաջատար բուհերից։
Գիտաժողովի լիագումար նիստին ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ ՀՀ բուհերի ղեկավար կազմերից, դասախոսներ, ուսանողներ։
Գիտաժողովը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի։
Լիագումար նիստին մասնակիցներին ողջունել և գիտաժողովի աշխատանքները կարևորել է ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով գիտաժողովի նշանակությունը բուհի կրթագիտական կյանքի զարգացմանն ուղղված աշխատանքների և միջբուհական համագործակցության ամրապնդման տեսանկյունից։
«Գիտխորհրդի որոշմամբ այս վերջին երկու տարիների մեր բոլոր միջոցառումները նվիրված են 44-օրյա պատերազմում անմահացած մեր հերոս ուսանողներին: Մեր 26 ուսանողներ 44-օրյա պատերազմում նահատակվեցին հանուն հայրենիքի, որ ապրի հայրենիքը, որ ապրենք մենք, որ շարունակվի ուսումնական գործընթացը»,-նշել է ռեկտորը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը։
«Գիտաժողովը նվիրված է զոհված ուսանողներին հիշատակին, ուստի այն և՛ գիտական, և՛ բարոյական միջոցառում է, որը լրացուցիչ պարտավորություններ է մեր առջև դնում՝ լրացուցիչ անգամ հիշեցնելով, թե ինչպես պետք է ապրել, սովորել, աշխատել, ինչ նպատակներով, ինչ առաքելությամբ: Մենք մեր զոհված ազատամարտիկների հիշատակի առջև պարտավոր ենք, որպեսզի ապրենք այնպես, ինչպես նրանք կերազեին, որ մենք ապրեինք: Ապրենք դասեր քաղելով, այդ թվում՝ նախապատերազմյան, պատերազմյան ընթացքից»,-ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ նշել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ ուսանողները, գիտնականները, իրենց բաժին գործն ունեն անելու, բոլոր ուղղություններով շատ ավելի լավ, առաջին հերթին՝ որպես քաղաքացիներ, որպես հայ, երկրորդ հերթին՝ որպես մասնագետներ:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր խոսքում անդրադարձավ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով կրթական ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրներին՝ կարևորելով գիտաժողովի նշանակությունը:
«Չնայած բոլոր վերելքներին ու վայրէջքներին՝ Արցախը բոլոր քաղաքական իրավիճակներում էլ կա, պահպանել ու պահպանելու է իր քաղաքական դեմքն ու նշանակությունը»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով գիտաժողովը նախաձեռնողներին, կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
ԵՊՀ պատվիրակության անունից գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ի.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը:
«Կարևորում եմ գիտաժողովի աշխատանքները, որոնք մեծապես նպաստում են ուսանողների կայացմանը՝ որպես մասնագետ, որպես քաղաքացի: Նշանակալից է այսօրվա միջոցառումը, քանի որ նվիրված է մեր հերոս տղաների հիշատակին և ավելի է պարտավորեցնում, որովհետև նրանք զոհվել են բոլորիս համար»,-նշել է Գ. Ղազինյանը՝ հույս հայտնելով, որ առկա դժվարությունները համատեղ ուժերով կարողանալու են հաղթահարել:
«Արցախի պետական համալսարանը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի հերոս տղաների հերոսական ոգին միշտ լինի թելադրող, ուղղորդող: Այդ ոգին պետք է հունդեր գցի նոր սերնդի կողքին: Պատերազմից հետո համակած ճգնաժամը, ցավը պետք է հաղթահարել անդուլ աշխատանքով, ցավի կողքին բացահայտել ներուժ և վերածել ձեռքբերումների: Որքան ամուր լինի Արցախը, այնքան ամուր կլինի նաև Սյունիքը, Արցախը մեր թիկունքն է, մեր պետականության խորհրդանիշն է»,-ընդգծել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը՝ կարևորելով գիտաժողովը նաև ուսանողների գիտական ներուժը բացահայտելու տեսանկյունից:
Լիագումար նիստին զեկուցումներով հանդես են եկել ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը (Թեմա՝ Ուսանողների հետ տարվող աշխատանքները ԱրՊՀ-ում), Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող Դավիթ Սերոբյանը (Թուրքական ինքնությունը և հայոց ցեղասպանության ժխտումը), Հայ-ռուսական համալսարանի ուսանող Վիլեն Մնացականյանը (Внешнеторговое взаимодействие и перспективы развития отншения Армении и Исламской Республики Иран), Արցախի պետական համալսարանի ուսանող Սոնա Մուսայելյանը (Հիշողություն-մոռացություն-պայքար կոնցեպցիան Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպում):
Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբերում։