Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանից 44-օրյա պատերազմում հավերժի ճամփորդ են դարձել 26 ուսանողներ։ Գիտական խորհրդի որոշմամբ պատերազմից հետո համալսարանի բոլոր միջոցառումները նվիրվում են անմահացած ուսանողների հիշատակին։ Նրանց հիշատակին է նվիրված նաև այսօր մեկնարկած ուսանողական գիտաժողովը։
Արցախյան առաջին պատերազմում անմահացած 72 ազատամարտիկներին նվիրված հուշակոթողը վերափոխվել է, համալրվել է ապրիլյան և 44-օրյա պատերազմներում անմահացած ուսանողների լուսանկարներով։
 
44-օրյայում նահատակվածների հիշատակին համալսարանին պատկանող՝ Պատարայի մերձակայքի ուսումնական գոտում կառուցվում է հուշաղբյուր, հրատարակվել է նրանց կենսապատումն ամփոփող «Ձեզ բացակա չենք դնի» գիրքը, պաշտոնական կայքում բացվել է նրանց կենսագրությունն ու լուսանկարները նեկայացնող «Ձեզ բացակա չենք դնի» բաժինը։
 
Այսօր ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներին նվիրված հուշակոթողի մոտ տեղի է ունեցել խոնարհման ու հիշատակի արարողություն, որին ներկա էին անմահացած ուսանողների հարազատները, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ուսանողական գիտաժողովի պատվիրակներ։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին՝ հարգելով նրանց անմար հիշատակը։
ԱրՊՀ ռեկտորը շնորհակալություն է հայտնել նահատակված ուսանողների ծնողներին ու հարազատներին՝ հերոս զավակներ ծնելու և դաստիարակելու համար․ «Նրանք նահատակվեցին, որպեսզի նորից հնչի զանգը արցախյան կրթօջախներում։ Մեր հերոս տղաների շնորհիվ է, որ այսօր կանք, ապրում է Արցախը, փառք ու պատիվ մեր հերոս տղաներին»,-նշել է ռեկտորը։
Արմեն Սարգսյանը անմահացած ուսանողների ծնողներին է նվիրել նաև ԱրՊՀ կողմից հրատարակված «Ձեզ բացակա չենք դնի» գրքերից։
Զոհված ուսանողի հայր, «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ-ին՝ կազմակերպված միջոցառումների համար։
«Մենք պարտավոր ենք մշտապես վառ պահել նրանց հիշատակը, նրանց կատարած սխրագործությունները սերնդեսերունդ փոխանցել։ Այսօր կյանքը շարունակվում է, կազմավորվում են նոր ընտանիքներ, ծնվում են բալիկներ, բայց բոլորս պիտի գիտակցենք դրա դիմաց վճարված գինը, հիշել մեր տղաներին, ապրել, արարել նրանց արժանավայել կերպով»,-նշել է Արմեն Ասրյանը՝ ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակում կարևորելով ժողովրդի միասնության անհրաժեշտությունը։
Խոնարհման արարողությունից հետո Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ԱրՊՀ ուսանողների ջանքերով կազմակերպվել է հուշ-երեկո՝ նվիրված անմահացած ուսանողների հիշատակին։
Բացման խոսքով հանդես է եկել բուհի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանը։
«Արցախը, որը միշտ էլ եղել է հայոց համազգային պայքարի կարևոր օղակներից մեկը, հանդիսացել է պետականության պահպանման և ինքնության համար մղվող պայքարի օջախը։ Համալսարանի սանը` որպես ուսանող, իր երդումը տալիս է տղաների պատվին կառուցված հուշակոթողի առջև՝ տղաների հայացքների ներքո, և երդվում լինել նրանց արժանի, համալսարանի դասախոսն իր քայլերն ուղղում է դեպի լսարան այն պարտքի գիտակցմամբ, որ պետք է հերոսներին արժանի սերունդ կրթի ու դաստիարակի»,-ասել է Ա. Խաչատրյանը։
 
 
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են 44-օրյայում անմահացած ուսանողների լուսանկարները, պատմել դրվագներ նրանց հերոսական կենսագրությունից, հնչել են ելույթներ, ասմունք, երգ, պարային կատարումներ՝ մեկ անգամ ևս արժևորելով հավերժի ճամփորդ դարձած ուսանողների սխրանքն ու ապրողներին ուղերձ հղելով՝ բոլոր ձեռնարկումներում որպես ուղղորդող ունենալ հերոս տղաների սխրանքն ու նվիրումը։