Արցախի պետական համալսարան

2021-2022 ուստարում ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետն ավարտում է բակալավրիատի և մագիստրատուրայի 86 շրջանավարտ: Դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Արարողությունը մեկնարկեց լռության րոպեով ու ծաղիկներ խոնարհելով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի անմահացած հերոսների:

 
Միջոցառմանը հրավիրված էին նաև ամփոփիչ ատեստավորման ստուգումների հանձնաժողովների նախագահները:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, շնորհավորելով շրջանավարտներին, ընդգծել է նրանց՝ մասնագիտական գործունեություն ծավալելու անհրաժեշտությունն Արցախում.«Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին և մաղթում, որ Ձեզնից յուրաքանչյուրը կյանքում գտնի իր տեղը, ապրե՛ք և արարե՛ք Արցախում և Ձեր գործունեությամբ նպաստե՛ք մեր հայրենիքի զարգացմանը»:
Ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանն իր ելույթում, շնորհավորելով շրջանավարտներին, շնորհակալություն է հայտնել նրանց, նրանց ծնողներին ու դասավանդած դասախոսներին՝ նշելով. «Շնորհակալություն, որ Դուք չլքեցիք Ձեզ վստահված բնագիծը և եղաք հավատարիմ զինվորը Ձեր դիրքի: Ուզում եմ, որ այս հողը մշտապես զգա Ձեր քայլքի տրոփը»:
Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի վարիչ, , բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Ղազարյանի շնորհավորանքի խոսքը նաև պատգամ էր՝ ուղղված ուսանողներին. «Չհեռանա՛ք հայրենիքից՝ Արցախից, միշտ կլինե՛ք Ձեր մասնագիտության առաքյալները և այն կտարածե՛ք ամենուր: Անպայման ընտանիքներ կկազմեք և շատ երեխաներ կունենաք, որպեսզի ապրի Արցախը»:
«Մաթևոսյանական ձևակերպմամբ ասած՝ Դուք եք մեր երկրի ջիղը: Շարունակե՛ք պատվով իրականացնել Ձեր գործունեությունը նաև որպես մասնագետներ՝ բուհում ստացած Ձեր գիտելիքները մշտապես զարգացնելով ինքնակրթությամբ»,-դիմելով ուսանողներին՝ ասել է գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, , բ.գ.թ. Նոնա Դավթյանը:
«Մաղթում եմ, որ կարողանաք կայանալ մասնագիտական ոլորտում, և Ձեր բոլոր ջանքերն ու ձգտումները թող ուղղված լինեն Արցախի զարգացմանն ու մեր հայրենիքի լուսավոր ապագային»,-շնորհավորելով ուսանողներին՝ մասնավորապես նշել է ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, , բ.գ.թ., դոցենտ Ինգա Հակոբյանը:
«Լրագրություն» մասնագիտացմամբ շրջանավարտ Աննա Ահարոնյանն ասում է՝ կարոտով է հիշելու մայր բուհն ու ուսանողական տարիները, որոնք անմոռանալի ու հրաշալի էին. «Այս վեց տարիները հագեցած էին և՛ հաջողություններով, և՛ դժվարություններով, բայց այսօր պատվով ենք հաղթահարել բոլոր դժվարությունները՝ ստանալով ավարտական վկայականները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել համալսարանին, մեր բոլոր դասախոսներին՝ այս տարիներին մեզ գիտելիքներ փոխանցելու, ցանկացած հարցում ուսանողներին սատարելու համար: Մեծ պատիվ է ու հպարտություն Արցախի մայր բուհի մասնիկը լինելը»:
Դիպլոմների հանձնման արարողություն է նախատեսվում նաև մյուս ֆակուլտետներում:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին տեղի կունենան պատմության և իրավագիտության, բնագիտական ֆակուլտետների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունները, իսկ հունիսի 17-ին՝ ժամը 12.00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի կունենա շրջանավարտների հրաժեշտի հանդիսավոր արարողություն-միջոցառում: