Արցախի պետական համալսարան
Հունիսի 27-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում մեկնարկած «Ապրելու ձայնը» խորագրով գրական-մշակութային օրերի շրջանակներում Արցախի պետական համալսարանում կայացել է «Արդի գրականությունը և Արցախը» թեմայով հանդիպում-քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, միության Լիբանանի ճեմարանի տնօրեն Տիգրան Ջինբաշյանը, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը, Կանադայի «Հորիզոն» թերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է Համազգային հայ կրթական և մշակութային միության գործունեությունը:
«Շուրջ 100 տարվա ընթացքում միությունն իրականացրել է հայանպաստ ծավալուն գործունեություն, և, եթե փորձենք մեկ բառով կոչել միության նշանաբանը, ապա պետք է ասենք՝ հայապահպանություն՝ հայոց լեզվի, հայ մշակույթի, հայ ինքնության»,-ասել է ռեկտորը:
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի խոսքով՝ «Ապրելու ձայնը» խորագիրն արծարծում է այն իմաստը, որ չնայած Արցախյան բոլոր պատերազմների ընթացքում ունեցել ենք անդառնալի կորուստներ, անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից, Արցախը շարունակում է ապրել, և այս փոքրիկ հողակտորում ապրող մարդը երբեք պատերազմ չի ուզում, այլ՝ պաշտպանված տեսնել իր ապրելու իրավունքը սեփական հողի վրա:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ համոզմունք է հայտնել, որ վերջին 30 տարիների ընթացքում գրական ասպարեզում ունեցած ձեռքբերումներից մեկն այն է, որ Արցախի գրողները հնարավորություն ունեցան իրենց ստեղծագործությունները տպագրել և´ Արցախում և´ Հայաստանում: Նրա հավաստմամբ՝ այս տարիների ընթացքում և´ ոճական, և´ լեզվամտածողության, և´ համաշխարհային գրականությանն ինտեգրվելու տեսակետից Արցախի գրականությունը զգալի քայլեր է արել:
Քննարկմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ-ից և Սփյուռքից ժամանած մտավորականներ, ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոսներ: