Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ում նոր ուսումնականը կմեկնարկի հիմնանորոգված նոր մասնաշենքում: Նոր մասնաշենքում առայժմ տեղակայվել են բանասիրական և տնտեսագիտական ֆակուլտետները, մի շարք կենտրոններ, սակայն ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում շենքի կահավորման ուղղությամբ, առաջիկայում կահավորման և անհրաժեշտ սարքավորումների տեղակայման աշխատանքների ավարտից հետո հիմնանորոգված մասնաշենք կտեղափոխվեն նաև այլ ֆակուլտետներ ու ստորաբաժանումներ: Այս մասին տեղեկացրել է ռեկտոր Արմեն Սարգսյանը գիտական խորհրդի նիստում:

Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ ԱրՊՀ 2022-2023 ուսումնական տարվա գիտական խորհրդի առաջին նիստը, որը նախագահում էր ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին, նախքան օրակարգի հարցերին անցնելը, ռեկտոր Արմեն Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել բնագիտական ֆակուլտետի կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ, կ.,գ.,թ., դոցենտ Աիդա Թորոսյանին՝ ամբիոնը երկար տարիներ ղեկավարելու և մասնագիտության զարգացմանը նպաստելու համար՝ միաժամանակ նիստի անդամներին տեղեկացնելով, որ ամբիոնի վարիչի պաշտոնի ընտրություններում թեկնածուների՝ բավարար ձայներ չհավաքելու պատճառով, ըստ կանոնակարգի, ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել նույն ամբիոնի դասախոս, ք.գ.թ., դոցենտ Արտուր Ավետիսյանը: Ռեկտորը շնորհավորել է Ա. Ավետիսյանին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի երկրորդ լուծարքի արդյունքներին: Հարցը ներկայացրել են դեկանները՝ ներկայացնելով գործընթացի արդյունքները, որոնք, ըստ պատասխանատուների, կազմակերպվել են կանոնակարգի համաձայն:
Օրակարգի հաջորդ հարցը նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին էր, որը ներկայացրել են ռեկտոր Արմեն Սարգսյանը և ֆակուլտետների դեկանները:
Համաձայն տեղեկատվության՝ բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են՝ ուսումնական տարին պատշաճ կերպով մեկնարկելու համար: Աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղություններով՝ շենքային պայմանների ապահովման՝ կահավորում, համացանցի ապահովում, ուսումնական պլանների, դասացուցակների, լսարանների տեղաբաշխման և այլ ուղղություններով: Հարցի կապակցությամբ ռեկտորը հստակ հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումներին՝ սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու անհրաժեշտ գործընթացները:
Օրակարգի հարցերից էր նաև 2022-2023 ուսումնական տարվա ուսումնական պլանների հաստատման մասին հարցը, որը ներկայացրել է ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանը՝ տեղեկացնելով, որ բաժնի կողմից անհրաժեշտ աշխատանքները կատարվել են, հաստատվել են բոլոր ուսումնական պլանները, ամբիոններին հասանելի են դրանց էլեկտրոնային տարբերակները:
Օրակարգային՝ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների մասին հարցը ներկայացրել է ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի պետ Իրենա Խաչատրյանը:
Համաձայն տեղեկատվության՝ 2022-2023 ուստարում ԱրՊՀ ընդունելության արդյունքներով հաշվեգրվել է 454 դիմորդ՝ բակալավրիատի 360, մագիստրատուրայի՝ 94:
Օրակարգի հաջորդ հարցով քննարկվել և հաստատվել է 2015թ. հուլիսի 3-ի N16 Լ որոշման («Արցախի պետական համալսարան>» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական պլանների ձևավորման և պրոֆեսորադասախոսական անձնակազմի տարեկան ուսումնական բեռնվածության չափորոշիչների որոշման կանոնակարգ) մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը ներկայացրել է ռեկտոր Արմեն Սարգսյանը:
Գիտխորհուրդը քննարկել և հաստատել է ԱրՊՀ կառուցվածքը, 2022-2023 ուսումնական տարվա ուսումնական գործունեության օրացույցը, 2022-2023 ուսումնական տարվա փորձուսուցման ժամանակացույցը, որոնք ևս ներկայացրել է ԱրՊՀ ռեկտորը:
Նիստը տպագրության է երաշխավորել նաև «Արցախի ժողովրդագիտությունը» հատորաշարի 9-րդ և 10-րդ հատորները, այլ հարցերում հաստատվել է ԱրՊՀ հայցորդի ուսումնահետազոտական աշխատանքի անհատական պլան: